Իրավապահների դանդաղկոտությունը հնարավորություն է տալիս կոռուպցիոներների մի մասին փախչել Հայաստանից. Վարչապետը բավարարված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրավապահների դանդաղկոտությունը հնարավորություն է տալիս կոռուպցիոներների մի մասին փախչել Հայաստանից. Վարչապետը բավարարված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26-02-2020 13:41:02 | Հայաստան | Քաղաքական
Իրավապահ համակարգի դանդաղկոտությունը հնարավորություն է տալիս կոռուպցիոներների մի մասին փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշաններն ու ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում:
Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայաքար, ինչն արժանացել է ոչ միայն Հայաստանի հանրության հավանությանը, այլև՝ միջազգային հանրության ուշադրությանը:
«Չնայած որ հայտարարել եմ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, բայց ես բավարարված չեմ դրա արդյունքներով, համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը»,- ընդգծեց վարչապետը:
Ըստ նրա՝ տվյալ դեպքում ինքը նկատի ունի ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան:
«Բայց թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ծավալների աննախադեպ լինելը: Հատկանշական է այն վիճակագրությունը, որը ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ՝ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 մլրդ 331 մլն դրամ, որը յոթ անգամ ավել է, քան ՀՔԾ-ի ողջ նախորդ ընթացքում ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը միասին: Նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Ազգային անվտանգության ծառայության 2019 թվականին վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավել է, ուշադրություն դարձրեք, 1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավել են 462 տոկոսով: Ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավել են, թվին ուշադրություն դարձրեք, 10767 տոկոսով»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:
Նրա բունթագրմամբ՝ ներկայացված վիճակագրությունը տպավորիչ է, եթե ոչ սենսացիոն:
Վարչապետի խոսքերով, եթե ներկայացված տոկոսները վեր են ածվում թվերի, ապա պետք է արձանագրել, որ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ամենալավատեսական հաշվարկներով կոռուպցիոն գործերով վերականգնվել է 150 մլն դոլարի վնաս՝ ներառյալ Պետական եկամուտների կոմիտեի և քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: