Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք մշակութային, գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ

01-04-2020 18:53:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին:
 


Այդ համատեքստում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ:
 
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է թանգարանի վիճակով, ընթացիկ և ապագային միտված ծրագրերով: Ընդգծելով հայ ճարտարապետության յուրահատուկ տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է թանգարանի դերը նրա լավագույն ավանդույթները ներկայացնելու գործում: Նա խոստացել է նոր կորոնավիրուսի
տարածմամբ և արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո այցելել թանգարան:
 
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են լավագույն ճարտարապետների արխիվային նյութերն, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։
 
***
 
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։
 
Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում նվագախմբի գործունեությամբ և մինչ այդ նախատեսված ծրագրերի ճակատագրով։
 
Թոփչյանը տեղեկացրել է, որ նվագախմբի բոլոր ծրագրերն, ինչպես ամբողջ աշխարհում, հետաձգված են, և առայժմ երաժշտասեր հասարակության հետ շփումը իրականացվում է առցանց եղանակով։
 
Կարևորելով կապի պահպանումն ունկնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերն իրավիճակի կարգավորումից հետո անպայման կյանքի կկոչվեն, նշելով, որ հնարավոր է նաև համատեղ ծրագրեր իրականացվեն նախագահի աշխատակազմի հետ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 334 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար