Ներկայացումներ մշակույթի կենտրոններում, բացօթյա հարթակներում. Վանաձորի թատրոնի հեռահար ծրագրերը


Ներկայացումներ մշակույթի կենտրոններում, բացօթյա հարթակներում. Վանաձորի թատրոնի հեռահար ծրագրերը

  • 27-05-2020 10:40:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն առաջիկայում մոնո­ և կամերային ներկայացումներով է հանդես գալու Վանաձորի մշակույթի տարբեր կենտրոններում, ինչպես նաև բացօթյա հարթակներում, քանի որ թատրոնի շենքը վերանորոգվում է:
 
Ինչպես համավարակի տարածման փուլում, այնպես էլ կյանքի բնականոն հունին անցնելու դեպքում թատրոնը շարունակելու է պահպանել թատերասերների հետ կապը՝ նրանց մատուցելով մեծահասակների և փոքրիկների համար նախատեսված բեմադրություններ:
 
«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն ասաց, որ կյանքի նոր պայմանները թելադրում են աշխատանքի նոր ձևաչափեր:
 
Նրա համոզմամբ՝ լավ է, որ անգամ համավարակի պայմաններում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թատրոններին հորդորեց աշխատել: «Եթե դերասանը չի աշխատում, արվեստագետը չի ստեղծագործում, և այդ ժամանակահատվածը երկար է տևում, «ժանգոտման» գործընթաց է սկսվում: Մեզ համար մի քանի խոչընդոտ կա, որոնցից առաջինը համավարակն է, հետո՝ մեր թատրոնի շենքի երկար սպասված նորոգումը: Երբ գա այն ժամանակը, որ հնարավոր լինի ներկայացումներ խաղալ, գուցե նորոգման աշխատանքների պատճառով մենք չկարողանանք խաղալ մեր դահլիճում, ուստի որոշել ենք օգտագործել Վանաձորի բոլոր հնարավոր վայրերը ներկայացումների համար, բայց քանի որ մշակույթի պալատների դահլիճները, բեմերը փոքր են, սկզբնական փուլում մոնոներկայացումներ և կամերային ներկայացումներ կբեմադրենք, կօգտագործենք նաև բացօթյա տարածքները»,-նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
 
Շահվերդյանի խոսքով՝ Վանաձորի թատրոնի բակում ամռանը ցերեկային մանկական ներկայացումներով հանդես կգան, իսկ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, թատրոնի դիմացի հրապարակում են ներկայացում խաղալու:
 
Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում խաղալու են Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը: Ըստ Շահվերդյանի՝ այնտեղ կարող է միայն 30-40 հոգի ներկա լինել, բայց կարևորը միայն հանդիսատեսի քանակը չէ, այլ նաև այն, որ թատրոնը շարունակի ստեղծագործական կենսագրությունը: Մեկնարկել են Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոդրամայի բեմադրական աշխատանքները, որում զբաղված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը:
 
«Մինչ կորոնավիրուսի տարածումը բեմադրում էինք ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք ապուշի հետ» պիեսը: Ներկայացման  փորձերն արդեն վերականգնվում են, աշխատանքները կընթանան շենքի ճեմասրահում: Հուսամ՝ այն երկու ամսից պատրաստ կլինի ու կներկայացվի մեր բեմերում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում և այլ հարթակներում: Աստծո օգնությամբ, մեր աշխատասիրությամբ ու ցանկությամբ կկարողանանք պահպանել թատրոնը մինչ կգան լավ և սքանչելի օրեր, որոնց սպասում ենք»,-շեշտեց Վահե Շահվերդյանը:
 
Անդրադառնալով առհասարակ թատերական ոլորտի հիմնական խնդիրներին՝ Շահվերդյանն ընդգծեց, որ թատրոնի առաջ կանգնած ամենակարևոր հարցերից մեկը ֆինանսավորումն է, քանի որ թատրոնն առանց պետական աջակցության չի կարող ապրել: «Մեզ, իհարկե, աջակցում են, բայց գումարը պետք է ավելին լինի, որպեսզի  հետաքրքիր ներկայացումներ ծնվեն: Ես հիմնականում իմ երևակայության շնորհիվ եմ կարողանում աշխատել, երբեմն առաջնորդվում եմ «աղքատ թատրոնի» սկզբունքով: 60-ական թվականներին ծնվեց «աղքատ թատրոն» հասկացությունը, երբ չկային ֆինանսներ, և ներկայացումներ էին խաղում դատարկ բեմում՝ առանց դեկորացիաների: Եթե բեմադրիչը երևակայություն ունի, այդ ամենը կարող է մատուցվել որպես նորարարություն, ինչպես իմ բեմադրությամբ «Չար ոգի» ներկայացման դեպքում, որը նոր խոսք էր հայ դրամատուրգիայի բեմադրական կենսագրության մեջ»,- հիշեց Շահվերդյանն ու հավելեց, որ մեր օրերում նաև ժամանակակաից հետաքրքիր դրամատուրգիայի բաց կա, ինչպես նաև՝ հանդիսատեսի:
 
Շահվերդյանը կարծում է, որ հատկապես մարզերում է նկատվում հանդիսատեսի պակասը, ինչը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը լքում է երկիրը: Չեն կարողանում առաջվա պես 20 ներկայացում խաղալ ամսվա ընթացքում, եթե ստացվում է 8-10 ներկայացում խաղալ, ոլորտի ներկայացուցիչները դա հաջողություն են համարում:
 
«Մենք նաև տաղանդների կարիք ունենք. ինստիտուտը շնորհալի մարդիկ են ավարտում, բայց շրջանավարտներից ոչ բոլորն են թատրոն գնում, որովհետև աշխատավարձերը չափազանց ցածր են, և երիտասարդը չի կարողանում ապահովել ինքն իրեն, իր ընտանիքը»,- ամփոփեց Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
 
Զրուցեց Անժելա Համբարձումյանը
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play