Երևանի կոշտ պայմանը․ Հայաստանի միջուկային զենքի իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երևանի կոշտ պայմանը․ Հայաստանի միջուկային զենքի իրավունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 23-07-2020 17:13:52   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին ելույթ է ունեցել տավուշյան ռազմական գործողությունների վերաբերյալ, որի առնչությամբ արձանագրել է ռազմական հաղթանակ և դիրքերի բարելավում՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանի շրջանակում: Վարչապետ Փաշինյանը նաև շարադրել է 7 կետ, որոնք գործնականում հնարավոր է բնորոշել որպես Հայաստանի Հանրապետության կամ հայկական անվտանգության համակարգի նոր կարմիր գծերի ռազմաքաղաքական  սահմանագծում:
Մասնավորապես, նա կարևոր է համարել Արցախի հետ անվտանգային սերտ գործակցությանը նոր բովանդակություն հաղորդելն ու անվտանգության համատեղ համակարգն ամրապնդելը, անհրաժեշտ է համարել Արցախի վերադարձը բանակցության սեղան՝ որպես լիարժեք կողմ, նշել է, որ Բաքուն պետք է հրապարակայնորեն հրաժարվի հայատյացության պրոպագանդայից և ռազմական ուժի կիրառման սպառնալիքից կամ ուժի կիրառումից, խոսել է նաև հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորության մասին:
«Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ գործնականում արձանագրելով, որ տավուշյան հաղթանակը հայկական կողմին տվել է առավել կոշտ դիրքերից խոսելու հնարավորություն, և Երևանը չի հապաղում օգտագործել այն:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նաև Թուրքիայի հանգամանքին ու սպառնալիքին և արձանագրելով, որ դրա համար Հայաստանը տեսնում է զսպող նոր միջազգային ձևաչափերում ընդգրկվելու անհրաժեշտություն, գործնականում ազդարարել է, որ ռեգիոնալ ռազմաքաղաքական անվտանգային համակարգում Թուրքիային զսպող դիտարկվող, այսպես ասած, ռուսական հովանոցը Երևանի համար դիտարկվում է ոչ բավարար: Դա թերևս նշանակում է, որ Երևանը տավուշյան հաղթանակը գործնականում փաստարկ է դարձնելու նաև արտաքին անվտանգային քաղաքական դիվերսիֆիկացիան ընդլայնելու և ամրապնդելու դեմ Ռուսաստանից եկող հնարավոր դժգոհությունների հարցում, որոնք արդեն իսկ նշմարվում են բավականին նկատելի ուրվագծերով:
Գործնականում վարչապետ Փաշինյանի ելույթը, շոշափված բազմաշերտ տողատակերով, տավուշյան ռազմական գործողություններն ու հայկական զինուժի ձեռքբերումը ռազմաքաղաքական կապիտալիզացիայի ներկայացնելու Հայաստանի քաղաքական կամքի և նպատակի դրսևորումն էր: Հարկ է հետևել, թե ինչպիսի արդյունավետությամբ և հաստատակամությամբ է Երևանն առաջ գնալու այդ ուղղությամբ, և ովքեր են փորձելու փայտ խրել անիվների մեջ:
 
Lragir.am-ը գրում է. 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում իրենց հրթիռները կհասնեն Մեծամորի ատոմակայան, դարձավ Ադրբեջանի տավուշյան խայտառակության «թագն ու պսակը»: Ու թեեւ պաշտոնական Բաքվից փորձեցին արդարանալ, թե դա ընդամենը խոսնակի անձնական կարծիքն է, դրանից իհարկե ահաբեկչական «փայլը» ամենեւին չխամրեց: Ավելին, այն սկսեց առավել աչք ծակել, որովհետեւ անձնական այդօրինակ կարծիքից հետո հաջորդ իսկ պահին խոսնակը պետք է լքեր պաշտոնը, ինչը տեղի չի ունեցել, հետեւաբար նրա անձնական կարծիքի հովանավորը պաշտոնական Բաքուն է:
Պաշտոնական Բաքուն իհարկե ընդհուպ մարդասպանի է հովանավորել, հետեւաբար հազիվ թե գտներ ահաբեկչական սպառնալիք հնչեցնող խոսնակին հովանավորելուց կաշկանդելու որեւէ պատճառ:
Բաքվի հայտարարությունն արժանացավ միջազգային քննադատության, թեեւ անկասկած ոչ այն մասշտաբի ու ծավալի, որը կլիներ պաշտոնական հովանու ներքո արած հայտարարության խորքային վտանգավորությանը համարժեք: Հայաստանի դիվանագիտությունն այստեղ ունի աշխատելու շատ տեղ: Սակայն, աշխատանքի հիմնական նպատակակետը Հայաստանի համար պետք է լինի թերեւս ոչ թե Ադրբեջանի ահաբեկչական հայտարարության ավելի հստակ եւ բարձր դատապարտման հասնելը, այլ թեկուզ լուռ, սակայն Հայաստանի միջուկային զենքի իրավունքի առաջմղումը:
Միանգամայն հասկանալի է, թե որքան նուրբ եւ բարդ է թեման, ու շատերի համար ուղղակի աներեւակայելի կարող է հնչել անգամ մտորումը, թե Հայաստանը կարող է դառնալ միջուկային տերություն: Մյուս կողմից սակայն, եղել են դարձողներ, որոնց՝ մինչեւ դառնալը նրանց մասին մտածելն էլ կարող էր հնչել աներեւակայելի: Հասկանալի է, որ ամեն ինչ կախված է աշխատանքից եւ իհարկե միջազգային միջավայրից, մթնոլորտից, հանգամանքներից:
Աշխարհը ներկայումս թեւակոխել է նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ պատմական շրջափուլ, որը ենթադրելու է ուժերի նոր հարաբերակցությամբ, պատասխանատվության գոտիների վերափոխումներով համակարգի հաստատում: Դա հնարավոր է դարձնում գործնականում անհնար թվացողը: Առավել եւս, որ թե Հայաստանի, թե Կովկասի եւ միջազգային անվտանգության համակարգի սպառնալիք դարձած Ադրբեջանը տվել է հիմնավոր առիթը:
Ադրբեջանի ՊՆ խոսնակը եւ նրա հայտարարության հանդեպ պաշտոնական Բաքվի մեծ հաշվով միանգամայն լոյալ վերաբերմունքը հուշում են, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստան-Արցախի էքզիստենցիալ սպառնալիք է, այլ պարզապես մարդկության՝ համամարդկային էքզիստենցիալ սպառնալիք է: Իսկ այդ սպառնալիքի առաջնագծում կանգնած է հայկական պետականությունը: Եվ հաշվի առնելով այն, որ այդ համամարդկային էքզիստենցիալ սպառնալիքի թիկունքին է կանգնած նաեւ այնպիսի մի արմատական ագրեսիվությամբ իշխանություն, ինչպիսին պաշտոնական Անկարան, ակնառու է դառնում առաջնագծում կանգնած Հայաստանի պաշտպանության համակարգի համարժեք համալրվածությունը:
Տվյալ պարագայում, միջուկային զենքն է այն համարժեք զսպող գործոնը, որ կարող է բավարարել համամարդկային սպառնալիքի կանխարգելման խնդրի լուծման առաջնագծի ամրությունը: Ադրբեջանը տվել է հիմնավոր առիթը եւ անգամ պատճառը, որպեսզի նոր աշխարհակարգի ձեւավորման օրակարգում իհարկե լուռ, իհարկե շատ հանդարտ, բայց սկսի սաղմնավորվել Հայաստանի միջուկային զենքի իրավունքի հարցը, որպես կարեւորագույն ռեգիոնում կայունության եւ խաղաղության երաշխիք:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քոչարյանը իրեն դիմած մարդկանց հստակ տեղեկացրել է, որ ինքը ցանկություն և մտադրություն չունի պայքարելու իշխանության վերադառնալու համար:
Նա ասել է, որ ինքը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, բայց ավելի շատ ակտիվ դիտորդի կարգավիճակում»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ի վերջո ստորագրեց հունիսի 30-ին խորհրդարանի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և երեկվանից մտել ուժի մեջ։ Ըստ այդմ, նոր փոփոխություններով լուծվելու է Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի հարցը: Իսկ ավելի վաղ էլ ուժի մեջ էին մտել սահմանադրական փոփոխությունները: Եվ, ահա, երկու ամսվա ընթացքում սահմանադրական մարմինները պետք է ըստ հերթականության ներկայացնեն իրենց թեկնածուներին` սկզբից Կառավարությունը, հետո Ազգային ժողովը, ապա Դատավորների ընդհանուր ժողովը: Արդեն Ազգային ժողովի կողմից ՍԴ անդամներ ընտրելուց հետո դատավորներն իրենց կազմից պետք է ընտրեն ՍԴ նախագահ, իսկ մինչ այդ Աշոտ Խաչատրյանը՝ որպես տարիքով ավագ դատավոր, ժամանակավորապես ստանձնել է բարձր դատարանի նախագահի պարտականությունները:
Երեք թափուր տեղերի համար առաջադրումները սկսվելու են հուլիսի 27-ից, թեկնածուներին հաջորդաբար առաջադրելու են Կառավարությունը, Նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։ Որպես հավանական թեկնածուներ շրջանառվում են արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անունները, իսկ Դատավորների ընդհանուր ժողովն էլ առաջարկելու է Լիանա Սահակյանի թեկնածությունը: Սակայն նկատենք, որ այն դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են, ավելի վաղ հայտարարել էին, որ իրենց լիազորությունները դադարեցվել են խախտումներով։ Այդ էր պատճառը, որ նրանք միջնորդություն էին ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով սառեցնել սահմանադրական փոփոխությունները մինչև իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումի քննության ավարտը: Եվրոպական դատարանը, սակայն, մերժել էր այս պահանջը: Այնուամենայնիվ, դատավորները պատրաստվում են մինչև օգոստոսի 28-ը ստրասբուրգյան դատարան ներկայացնել իրենց հիմնական գանգատը»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պետական տարբեր մարմիններ ստուգումներ են իրականացնում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանին պատկանող ընկերություններում: Այդ ստուգումների արդյունքում կազմված ակտերի գումարը գերազանցում է հարյուր միլիոնավոր դրամը:
Ըստ մեր աղբյուրի՝ Սեդրակյանը չի էլ փորձում վիճարկել այդ ակտերի օրինականությունը և հանձնարարել է վճարել դրանք»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը «Շանգրի լա» խաղատունը զրկեց արտոնագրից: Այսպիսով՝ Երևանի մերձակայքում այս պահին որևէ գործող խաղատուն չկա: Բայց այդ վիճակը կարող է կարճ տևել, և էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտոնագիր տալ «Դվին» հյուրանոցի սեփականատերերին՝ այնտեղ խաղատուն բացելու համար:
Դրա համար անհրաժեշտ է, որ «Դվինի» սեփականատերերը փաստաթղթերով հիմնավորեն, որ իրենք 40 մլրդ դրամի ներդրում են կատարել:
«Դվինի» սեփականատիրոջ մասին հայտնի է, որ նա ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի Նվերն է»:
 
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հետ զրույցում գյուղատնտեսության ոլորտի որոշ ներկայացուցիչներ և փորձագետներ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվող մի շարք ֆերմերներ լուրջ մտահոգություն են հայտնել, որ առաջիկա աշնանը էական խնդիրներ են սպասվում անասնապահության ոլորտում, քանի որ, ինչպես փաստում են նրանք, ներկայումս առկա է անասնակերի լուրջ խնդիր։
Նրանք նշել են, որ տարին խոտի և այլ անասնակերերի համար անբարենպաստ էր, և իրենք չեն հասցրել բավարար չափի կեր կուտակել՝ ձմեռը պատշաճ անցկացնելու համար։ Թերթի զրուցակիցներից մեկը նշում էր, որ նմանօրինակ զարգացումների դեպքում աշնանը շուկայում կտրուկ բարձրանալու է մսի գինը։
Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով, որ գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները ձմռան համար համապատասխան չափով անասնակեր գնելու նպատակով ստիպված են լինելու նախատեսվածից շատ գումար ծախսել, ինչին և հաջորդելու է թանկ կերով պահված անասունների մսի ավտոմատ թանկացումը»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ: Սակայն քննարկմանը չի մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխարեն քննարկմանը մասնակցում էր նախարարության կրթության վարչության պետը, ում պատգամավորները բազմապիսի հարցեր են տվել: Ընդ որում, պատգամավորները ևս զարմացած են եղել, որ նախարարը բացակայում է քննարկումից, և խիստ են խոսել այդ մասին հիշատակումով։
Նշենք, որ ԳԹԿ-ից ևս տեղակալի մակարդակով են քննարկմանը մասնակցել, ինչը հատկապես իշխանական պատգամավորները սխալ են համարել, անգամ իրար մեջ քննարկել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշում հարսանեկան արարողությանը մասնակցելու և քավոր լինելու ժամանակ ունի, սակայն պատգամավորների հարցերին պատասխանելու համար՝ ոչ: Նկատենք, որ երեկվա քննարկմանը նույնիսկ մասնակցել են այլ հանձնաժողովների նախագահներ, օրինակ՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովից Բաբկեն Թունյանը, Առողջապահության և հանրային հարցերով հանձնաժողովից Նարեկ Զեյնալյանը… Սակայն վերջնական որոշում չի կայացվել, ու պատգամավորները պարզաբանումներ են սպասում հենց նախարարից, թե ինչպես է ստացվել՝ 18.5 միավոր հավաքած դիմորդը որևէ բուհ չի ընդունվել»։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն