Հայաստանի հարվածն աշխատեց, բախումը տեղափոխեցին Ռուսաստան․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանի հարվածն աշխատեց, բախումը տեղափոխեցին Ռուսաստան․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-07-2020 18:32:24   |   |  Մամուլի տեսություն



1in.am-ը գրում է․
Գործնականում չի մնում որևէ կասկած, որ Տավուշի ադրբեջանական սադրանքը այլ բան չէր, քան ռուս-թուրքական հարաբերության հաշիվներով պայմանավորված թուրքական հրահանգավորում: Ի՞նչ նպատակ ուներ այն՝ բուն թիրախը Կովկա՞սն էր, թե՞ այլ ուղղություններում Ռուսաստանի հետ համաձայնությունը՝ միարժեք բարդ է ասել: Օրինակ՝ տավուշյան սրացումներից մի քանի օր անց հայտարարվեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել Լիբիայի իրավիճակի հարցում:
Խոշոր հաշվով, սակայն, բուն խնդիրը անշուշտ այդտեղ չէ, այլ որոշակի վտանգավոր նախադեպի ձևավորումն առ այն, որ թեկուզ այլ հարցում, այլ ուղղության վրա պայմանավորվածության համար Թուրքիան և Ռուսաստանը կարող են բախվել այստեղ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Դա է հարցը, որի մասին մենք խոսել ենք իհարկե նաև նախկինում՝ մինչև տավուշյան սադրանքը ու դրանից դեռ ամիսներ առաջ, որ Անկարան անշուշտ դիտարկելու է հայ-ադրբեջանական արցախյան հարցը որպես Ռուսաստանի հետ այլ ռեգիոններում և երկրներում ունեցած խնդիրների, հարաբերությունների պարզաբանման հնարավորություն:
Փաստացի դա տեղի ունեցավ, և Ադրբեջանի միջոցով Թուրքիան հրահրեց բավականին թեժ իրավիճակ, ռազմական գործողություններ, որոնք հանգեցրին երկկողմ զոհերի, իհարկե շատ ավելի մեծ թվով ադրբեջանական կողմում: Եվ այստեղ պետք է արձանագրել, որ հայկական կողմի ուժեղ պատասխանը նաև պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ Երևանը համարժեք էր գնահատել սադրանքի բուն խորությունը և փորձել ուժեղ հարվածով կանխել այն՝ թույլ չտալով ավելի դանդաղ և մասշտաբային ծավալում: Այլ կերպ ասած, Երևանի ուժեղ հարվածն ու ռազմավարական նշանակության թիրախավորման նպատակը պարզ է՝ ստեղծել իրավիճակ, երբ գործնականում բոլորի համար է պարզ, որ հայ-ադրբեջանական լարում սադրելով՝ ռուս-թուրքական հարաբերություն պարզելու Անկարայի որևէ փորձ կարող է ուղղակի վերածվել մասշտաբային պատերազմի, և Հայաստանը թույլ չի տա գեթ մեկ սանտիմետրի հաշվին լուծել որևէ հարց: Իսկ մասշտաբային պատերազմը այլևս բերելու է համաշխարհային բախման, քանի որ Հայաստանը Սիրիա կամ Լիբիա չէ, այստեղ հարցերը շատ ավելի նուրբ են և թելերը՝ շատ ավելի միահյուսված:
Հատկանշական է, որ գրեթե անմիջապես հաջորդեցին տարբեր կոչեր ու հրադադարը պահելու խիստ հայտարարություններ նաև Արևմուտքից: Մեծ հաշվով հնարավոր է արձանագրել, որ Երևանի կանխարգելիչ հարվածն աշխատեց, ու նաև այդ պատճառով է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը բախումը անմիջապես «արտահանեցին» Ռուսաստան: Ի՞նչ հարված կարող է տալ Ռուսաստանը՝ թուրք-ադրբեջանական այդ «ապրանքը» արգելափակելու համար:
 
Lragir.am-ը գրում է․ Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունն ունի բոլոր միջոցներն ու կարողությունները Ռուսաստանն ազգամիջյան բախման թատերաբեմ դարձնելու Ադրբեջանի փորձը կանխելու եւ այդպիսի զարգացում թույլ չտալու համար, ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հարցազրույցը ամբողջությամբ կհեռարձակվի մեկ շաբաթ անց: Հայաստանի վարչապետը նկատել է նաեւ, որ այդ ամենի հետեւում լոկ Ադրբեջանը չէ, այլ Հարավային Կովկասում ծավալապաշտական հակահայկական նկրտում ունեցող երրորդ ուժը:
Նիկոլ Փաշինյանն ըստ երեւույթին նկատի ունի Թուրքիան: Ընդ որում հատկանշական է, որ վարչապետն այդ մասին խոսել էր նաեւ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպմանը, ուր մեկնել էր հուլիսի 17-ին՝ ԵՏՄ վարչապետների հավաքին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանն ասել էր, թե Տավուշում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքով շահագրգռված են երրորդ ուժեր: «Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է, և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը», ասել էր նա ՌԴ վարչապետին:
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի մասին ավելի բաց խոսեց հուլիսի 23-ին կառավարության նիստում ունեցած ելույթում, նշելով, որ Հայաստանը պետք է փոխի քաղաքականությունը Թուրքիայի զսպման հարցում եւ մասնավորապես մեծացնի Անկարայի զսպման այլ ձեւաչափերում մասնակցության մասշտաբները:
Հայաստանի կառավարության ղեկավարի ակնարկը բավական թափանցիկ էր՝ եղած ձեւաչափերը Հայաստանը դիտարկում է ոչ բավարար եւ ոչ ամբողջապես հուսալի: Այլ կերպ ասած, Հայաստանը Թուրքիային զսպման հարցում բավարար չի համարում Ռուսաստանի «առանցքով» ձեւաչափերը, մասնավորապես բուն Ռուսաստանի մեխանիզմներն ու ՀԱՊԿ կոչված ցուցանակը:
Այստեղ հատկանշական է, որ Ռուսաստանին հղած երկու ուղերձում՝ վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանը եւ ՌԲԿ-ին հարցազրույցում, խոսելով թե սահմանային, թե Ռուսաստանի իրավիճակի ապակայունացման եւ ազգամիջյան բախում հրահրելու շահագրգռություն ունեցող «երրորդ ուժերի» մասին, Նիկոլ Փաշինյանը չի կոնկրետացնում, որ դա Թուրքիան է:
Հազիվ թե Հայաստանի վարչապետին որեւէ բան կաշկանդի կոնկրետանալու հարցում: Խնդիրը թերեւս բոլորովին այլ է: Նա պարզորոշ ակնարկում է, որ Հայաստանը տեսնում է Թուրքիայի «ռուսական գործընկեր ուժ», ըստ այդմ էլ «երրորդ ուժեր» արտահայտությամբ չի կոնկրետանում լոկ Թուրքիայի վրա: Այդ համատեքստում էլ վարչապետ Փաշինյանն ըստ ամենայնի արձանագրում է, որ ՌԴ իշխանությունն ունի բոլոր միջոցները թույլ չտալու համար, որ Ադրբեջանը ՌԴ-ն վերածի ազգամիջյան բախման եւ ապակայունացման հարթակի: Ըստ այդմ, Երեւանը շատ թափանցիկ ակնարկում է, որ եթե տեղի է ունենում այդպիսի բան, ապա առնվազն ՌԴ-ում ազդեցիկ իշխանական որեւէ թեւի աջակցությամբ, եթե ոչ հենց բուն իշխանության քաղաքական որոշումով:
Միեւնույն ժամանակ, ՌԴ-ում ներկայում իշխանություն հարցը գրեթե նույնքան անորոշ է, որքան անորոշ է այդ հարցը Բաքվում: Ռուսաստանում ներկայում իշխանության տրանսֆորմացման եւ վերաձեւման բարդ գործընթաց է, որում ակնառու գործիք է «ադրբեջանական վանդալիզմը»: Գործիք անկասկած ոչ միայն հայերի դեմ, բայց հայերը այստեղ անշուշտ լոկ միջանկյալ թիրախ չեն, այլ առանցքային թիրախներից մեկը: Որովհետեւ Կովկասում ինքնիշխան Հայաստանի հաղթանակն ու ամրությունը հիմնարար ազդեցության գործոն է լինելու Ռուսաստանում իշխանության խնդրի տրանսֆորացիայի արդյունքի համար, օգնելով այդ երկրին դուրս գալ թուրքական հավակնության դարավոր խնամակալի կարգավիճակից:
 
ArmTImes.com-ը գրում է․
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռեւս պահպանվում է, բայց քաղաքական ուժերի՝ բանակի հաշվին սեփական վարկանիշը բարձրացնելու եւ քաղաքական հակառակորդների վրա ինքնահաստատվելու փորձերն արդեն սկսվել են։ Թվում էր՝ գոնե այս դեպքում ընդդիմությունը խոսելու տեղ չունի, որովհետեւ Հայաստանը պատվով դուրս եկավ տավուշյան պատերազմից ու փայլուն հաջողություն արձանագրեց, վարչապետ Փաշինյանն էլ հայտարարեց, որ դրա շնորհիվ հայկական կողմի դիրքորոշումն ամրապնդվել է, ու շարադրեց մեր պայմանները նոր իրավիճակում։ Բայց՝ չէ. հանրապետականներն իսկույն հայտարարեցին, թե բա չեք ասի՝ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Սերժ Սարգսյանի ասածներին, այսինքն՝ ընդունում է, որ նա ճիշտ էր, ինքը՝ սխալ, եւ այլն։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տավուշյան բախումների ընթացքում մեր բանակը վերադարձրել է կարեւորագույն այն բարձունքները, որոնք, ըստ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի, ի սկզբանե մերն էին, բայց ադրբեջանցիները գրավել էին, երբ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր (այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին)։
Խնդիրը, սակայն, դա չէ։ Դե հիմա բարձունքներ են՝ կորցրել էին (Սերժ Սարգսյանը հաստատ մի պատճառ կգտներ, օրինակ՝ կասեր, որ Տավուշում էլ 70-ական թվականների զենքով էինք կռվում)։ Խնդիրն այն է, որ հեղափոխությունից հետո երկու տարի շարունակ շփման գծում համեմատաբար հանգիստ էր, եւ նույն հանրապետականները երկու տարի շարունակ հայտարարում էին, թե այդ հարաբերական անդորրը Հայաստանի նոր իշխանությունների դավաճանության ապացույցն է, Նիկոլ Փաշինյանը Ալիեւին խոստացել է հողեր հանձնել, դրա համար էլ ադրբեջանցիները չեն հարձակվում, այ մի քիչ էլ սպասեք՝ ուր որ է կհանձնի, եւ այսպես շարունակ։ Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ դա սուտ էր, ու որեւէ ստվերային պայմանավորվածություն չկար։ Եվ ի՞նչ, որեւէ հանրապետական ներողություն խնդրե՞ց երկու տարի շարունակ ժողովրդին խաբելու եւ իշխանություններին զրպարտելու համար։ Հակառակը՝ հիմա էլ հայտարարում են, թե մեր բանակն իշխանությունների կամքին հակառակ է հաղթել, բանակը հո չգիտե՞ր, որ Փաշինյանը «վերելակում» Ալիեւին խոստացել էր պարտվել։
Հիմա՝ շփման գծի ողջ երկայնքով մոնիթորինգի համակարգի մասին, որի անհրաժեշտությունը կարեւորեց Փաշինյանը։ Ընդդիմությունն իսկույն աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե «տեսա՞ք, փաստորեն վերադառնում է Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ ու հետագայում օրակարգից դուրս եկել Փաշինյանի թեթեւ ձեռքով»։ Այո, ապրիլյան պատերազմից հետո այդպիսի պայմանավորվածություններ իսկապես էլ ձեռք էին բերվել, ու դրանք մեզ համար իսկապես չափազանց կարեւոր էին։ Բայց չմոռանանք, որ ապրիլյան պատերազմից հետո դեռ երկու տարի երկիրը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը։ Ամոթ չլինի հարցնելը՝ բա այդ երկու տարիների ընթացքում ինչո՞ւ մշտադիտարկման համակարգն այդպես էլ չստեղծվեց ու մնաց թղթի վրա։ Գուցե հենց այդ ժամանա՞կ էին պայմանավորվածությունները «ջրվել», գուցե պարզապես Սերժ Սարգսյանի ուսին թփթփացրել կամ Էդուարդ Նալբանդյանի թուշը քաշել էին, թե «դե լավ, բան էր՝ ասեցինք, ի՞նչ եք խորացել»։ Թե չէ՝ այդ ի՞նչ պայմանավորվածություններ են, որ ներկայացվելով որպես «անհապաղ միջոցառումներ»՝ ավելի քան մեկուկես տարի մնում են թղթի վրա։
Իսկ ղարաբաղյան խնդրում հայկական կողմի դիրքորոշումը, մեծ հաշվով, էական փոփոխություններ չի կրել։ Պարզապես մի բան է, երբ դիրքորոշում ես հայտնում որպես «80-ական թվականների զենքով կռվող» բանակի գերագույն-գլխավոր հրամանատար, եւ բոլորովին այլ բան, երբ մոտավորապես նույն դիրքորոշումն արտահայտում ես՝ թիկունքում ունենալով արագ տեմպերով հզորացող եւ հակառակորդի ատամները ջարդած զինված ուժեր։
 
ArmLur.am-ը գրում է․
Այսօր մամուլում հրապարակումներ են եղել, որ երեկ Սևանի White Shorja լողափում տեղի է ունեցել բազմամարդ «փարթի», որին ներկա է եղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ավելին սոցիալական ցանցերում տարածվել են երեկոյան խնջույքի լուսանկարները, որտեղ բազմաթիվ մարդիկ կան: Ըստ որոշ տեղեկությունների՝ լողափը պատկանում է հենց պատգամավոր Հայկ Սարգսյանին: Այս լուրերին է անդրադարձել պատգամավորը:
«Երեկ ինձ Սևանի լողափերից մեկում նկարել են առանց դիմակի և դա էլ ավելի վատ ֆոնի վրա ներկայացնելու համար նշել են, թե իբրև այդ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ խախտելով հակահամաճարակային կանոնները։
Ես արձակուրդում եմ և երեկ երեկոյան եղել եմ հիշյալ լողափում, նաև մի պահ դիմակ չեմ կրել։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր սիրելի հայրենակիցներից՝ այդ միջոցառմանը ներկա գտնվելու և այդ ընթացքում դիմակ չկրելու համար։ Հայտնի է, որ ինքս եմ բազմիցս հանդես եկել դիմակ կրելու կոչով, թեպետ երեկ անզգուշությամբ մի պահ դիմակ չեմ կրել։
Ինչ վերաբերվում է այն լուրերին, թե իբրև լողափի հանգստյան գոտին ինձ է պատկանում, կամ միջոցառումը ես եմ կազմակերպել՝ իրականությանը չեն համաապատասխանում։ Ոստիկանության ներկայացուցիչներն այսօր արձանագրություն կազմեցին և ես, ինչպես նաև երեկոյին մասնակցած մեր այլ քաղաքացիներ դիմակ չկրելու համար տուգանվեցինք։
Ներողություն եմ խնդրում նաև Պարետատնից և մեր քաղաքական թիմից՝ անզգուշությամբ այսպիսի մեծ և անհարկի աղմուկի առիթ տալու համար»,- հայտարարել է Սարգսյանը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play