Արմեն Ռուստամյան. Հայաստանի իշխանությունների քաղաքական
ուղեգծի փոփոխության դեպքում Դաշնակցությունը դուրս կգա
կոալիցիայից
24-04-2009 17:10:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակը պետք է պահպանել` պայքարելով նրանց կորցրած
իրավունքները վերականգնելու համար,- ապրիլի 24-ին լրագրողների հետ
զրույցում հայտարարեց Երեւանում Հայոց Ցեղասպանության հուշահամալիր
այցելած Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն
մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, այդ պայքարին չի
կարելի վնասել, չի կարելի ջարդել այդ պայքարը: Հիշեցնենք, որ
կուսակցությունը նախօրեին հայտարարություն էր ընդունել, որում
դատապարտել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին`
ապրիլի 23-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների
համատեղ հայտարարությունը: ՀՅԴ-ն հայտարարել էր նաեւ, որ մտադիր է
մոտ օրերս քննարկել քաղաքական կոալիցիայից իր դուրս գալու մասին
հարցը:
Ըստ Ա.Ռուստամյանի, ՀՅԴ-ին անակնկալի է բերել Հայաստանի եւ
Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության ընդունման ժամը,
պայմանները, ինչպես նաեւ այն, որ հայտարարության բովանդակությունը
իրենց հետ չի քննարկվել` «սա նաեւ իհարկե, շատ կարեւոր, կոալիցիոն
գործունեության հետ կապված հարց է»,- ընդգծեց նա: Ըստ ՀՅԴ
ներկայացուցչի, խնդիրը հայտարարության բուն բովանդակությունը չէ.
Դաշնակցությունը դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների
նորմալացմանը, ամենակարեւորն այն է, որ հայտարարությունն ընդունվել
է ապրիլի 24-ից մեկ օր առաջ: «Այդ նույն հայտարարությունը եթե
լիներ մի ամիս առաջ, լիներ մի ամիս հետո, բոլորովին այլ
նշանակություն կարող էր ունենալ, մեր այս աստիճանի ընդվզումը չէր
առաջանա: Այն տեղավորել ցեղասպանության օրվա համաշխարհային
ճանաչված օրվա կոնտեքստի մեջ, նշանակում է` կատարել այն, ինչ որ
Թուրքիան է ուզում` ուղղակի, թե անուղղակի, այս է խնդիրը եւ սա,
այո, կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից»,- ասաց Ա.Ռուստամյանը:
«Ե՞րբ է Դաշնակցությունը մտադիր քննարկել իշխանական
կոալիցիայից դուրս գալու խնդիրը» հարցին ի պատասխան Ա.Ռուստամյանը
նշեց. «Հայաստանի նախագահն այստեղ չէր: <...> Մենք պետք է
համոզվենք` դա քաղաքական ուղեգծի՞ փոփոխության նշան է, որ այդպե՞ս
կարող է լինել. դա իսկապես երեւում է, շարունակությունը դրան է
տանելու: Այս հարցերը պետք է ճշտվեն նախագահի հետ»: Ա.Ռուստամյանը
պարզաբանեց, որ քաղաքական ուղեգծի փոփոխության դեպքում
Դաշնակցությունն անպայման դուրս կգա կոալիցիայից. «Մենք քաղաքական
ուղեգծի համար ենք միշտ եղել կոալիցիայի մեջ, <...> մեր համար
հիմնական հարցը սա է, թե չէ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էլ
կհամագործակցեինք, եթե քաղաքական ուղեգծի տարբերություն չլիներ»,-
հայտարարեց նա: