Արմեն Ռուստամյան. Հայաստանի իշխանությունների քաղաքական<br /> ուղեգծի փոփոխության դեպքում Դաշնակցությունը դուրս կգա<br /> կոալիցիայից<br />


Արմեն Ռուստամյան. Հայաստանի իշխանությունների քաղաքական
ուղեգծի փոփոխության դեպքում Դաշնակցությունը դուրս կգա
կոալիցիայից

  • 24-04-2009 17:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է պահպանել` պայքարելով նրանց կորցրած իրավունքները վերականգնելու համար,- ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանում Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցելած Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, այդ պայքարին չի կարելի վնասել, չի կարելի ջարդել այդ պայքարը: Հիշեցնենք, որ կուսակցությունը նախօրեին հայտարարություն էր ընդունել, որում դատապարտել էր Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին` ապրիլի 23-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունը: ՀՅԴ-ն հայտարարել էր նաեւ, որ մտադիր է մոտ օրերս քննարկել քաղաքական կոալիցիայից իր դուրս գալու մասին հարցը: Ըստ Ա.Ռուստամյանի, ՀՅԴ-ին անակնկալի է բերել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության ընդունման ժամը, պայմանները, ինչպես նաեւ այն, որ հայտարարության բովանդակությունը իրենց հետ չի քննարկվել` «սա նաեւ իհարկե, շատ կարեւոր, կոալիցիոն գործունեության հետ կապված հարց է»,- ընդգծեց նա: Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, խնդիրը հայտարարության բուն բովանդակությունը չէ. Դաշնակցությունը դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը, ամենակարեւորն այն է, որ հայտարարությունն ընդունվել է ապրիլի 24-ից մեկ օր առաջ: «Այդ նույն հայտարարությունը եթե լիներ մի ամիս առաջ, լիներ մի ամիս հետո, բոլորովին այլ նշանակություն կարող էր ունենալ, մեր այս աստիճանի ընդվզումը չէր առաջանա: Այն տեղավորել ցեղասպանության օրվա համաշխարհային ճանաչված օրվա կոնտեքստի մեջ, նշանակում է` կատարել այն, ինչ որ Թուրքիան է ուզում` ուղղակի, թե անուղղակի, այս է խնդիրը եւ սա, այո, կարող է օգտագործվել Թուրքիայի կողմից»,- ասաց Ա.Ռուստամյանը: «Ե՞րբ է Դաշնակցությունը մտադիր քննարկել իշխանական կոալիցիայից դուրս գալու խնդիրը» հարցին ի պատասխան Ա.Ռուստամյանը նշեց. «Հայաստանի նախագահն այստեղ չէր: <...> Մենք պետք է համոզվենք` դա քաղաքական ուղեգծի՞ փոփոխության նշան է, որ այդպե՞ս կարող է լինել. դա իսկապես երեւում է, շարունակությունը դրան է տանելու: Այս հարցերը պետք է ճշտվեն նախագահի հետ»: Ա.Ռուստամյանը պարզաբանեց, որ քաղաքական ուղեգծի փոփոխության դեպքում Դաշնակցությունն անպայման դուրս կգա կոալիցիայից. «Մենք քաղաքական ուղեգծի համար ենք միշտ եղել կոալիցիայի մեջ, <...> մեր համար հիմնական հարցը սա է, թե չէ` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էլ կհամագործակցեինք, եթե քաղաքական ուղեգծի տարբերություն չլիներ»,- հայտարարեց նա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play