Ըստ ԲՀԿ-ի ներկայացուցչի, հայ-թուրքական հարաբերությունների<br /> կարգավորման համար երբեւէ չպետք է հրաժարվել ցեղասպանության<br /> ճանաչման պահանջից<br />


Ըստ ԲՀԿ-ի ներկայացուցչի, հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման համար երբեւէ չպետք է հրաժարվել ցեղասպանության
ճանաչման պահանջից

  • 10-04-2009 19:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի քաղաքական միտքը բաժանվել է երկու մասի,- ապրիլի 10-ի ասուլիսում նշեց Հայաստանի Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նրա խոսքերով, թուրք պահպանողական-ազգայնական ուժերը Հայաստանի հետ հարաբերությունները կապում են հայտնի նախապայմանների հետ` հրաժարում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից, հրաժարում Լեռնային Ղարաբաղից եւ այլն: Իսկ թուրքական իշխող վերնախավի մյուս ուժերը գտնում են, որ թեեւ հայերը երբեք չեն հրաժարվի ցեղասպանության ճանաչման պահանջից, Հայաստանի հետ անհրաժեշտ է երկխոսել: Ա.Սաֆարյանի կարծիքով, հենց նշված երկու տարբեր մոտեցումներն են պատճառը, որ թուրք պաշտոնյաները մերթ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, մերթ էլ հիշում են, որ այդ կարգավորմանը կխանգարի ղարաբաղյան խնդիրը: Հայաստանը, ինչպես շեշտեց Ա.Սաֆարյանը, ի սկզբանե հռչակել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից է` առանց նախապայմանների: «Ես հիմա որպես քաղաքական գործիչ հայտարարում եմ, որ Հայաստանի որեւէ քաղաքական ուժ երբեւէ չպետք է հայ-թուրքական կապերի բարելավման անվան տակ հրաժարվի ցեղասպանության պահանջից: Հրաժարվելը մեծ խնդիրներ կառաջացնի մեզ համար եւ կվտանգի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները»,- ասաց Ա.Սաֆարյանը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները եւս դա հասկանում են: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, ԲՀԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ իշխանությունները պետք է նախապատրաստեն պետական կառավարման մարմիններին` ոստիկանությանը, ազգային անվտանգությանն ու մյուսներին, նրանց աշխատանքը հարմարեցնեն այն պայմաններին, որոնք կստեղծվեն սահմանի բացման արդյունքում: Ա.Սաֆարյանի կանխատեսմամբ, սահմանի բացումից հետո Թուրքիայի քաղաքացիների հոսքը Հայաստան կուժեղանա:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play