Գագիկ Բեգլարյանը ընտրություններ կեղծելու մեծ փորձ ունի,-<br /> ասում է ՀԺԿ-ի խոսնակը<br />


Գագիկ Բեգլարյանը ընտրություններ կեղծելու մեծ փորձ ունի,-
ասում է ՀԺԿ-ի խոսնակը

  • 07-04-2009 15:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վերջին օրերին արձանագրված խուլիգանական, հանցավոր արարքների հեղինակները կամ պաշտոնյաներ են, կամ պաշտոնյաների զավակներ»,- ապրիլի 7-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության անդամ, ՀԺԿ-ի մամլո խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Ռուզան Խաչատրյանը` շեշտելով, որ նման մարդիկ համոզված են իրենց անպատժելիության մեջ եւ իրենց օրենքից վեր են համարում: «Եվ սա է պատճառը, որ ինձ եւ իմ ընկերներին ստիպում է շարունակել քաղաքական պայքարը»,- ասաց Ռ.Խաչատրյանը: Նրա խոսքերով, թեեւ 15 տարի առաջ եւս խուլիգանություններ կատարվել են, ներկայիս մթնոլորտը մի քանի անգամ ավելի վատն է: Ռ.Խաչատրյանը հայտնեց, որ ՀԺԿ-ն ՀԱԿ-ի մաս կազմող առաջին ուժերից էր, որը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկեց Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններում գլխավորել կոնգրեսի նախընտրական ցուցակը: Իսկ այն հանգամանքը, որ երկրորդ տեղում նշվեց ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի անունը, կուսակցության խոսնակը բնական որակեց, քանի որ, նրա բնութագրմամբ, Ս.Դեմիրճյանը մեծ ժողովրդականություն վայելող, 2003թ.-ի նախագահական ընտրություններում հաջողության հասած անձնավորություն է: «Առաջիկա ընտրությունները միայն քաղաքապետի ընտրություններ չեն. մենք դրանք ընկալում ենք որպես համաժողովրդական շարժման հերթական փուլ»,- նշեց Ռ.Խաչատրյանը: «Ընտրություններում չհաղթելու դեպքում ինչպիսի՞ մարտավարություն է որդեգրելու ՀԱԿ-ը» հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ ինքը «եթե»-ների մասին չի մտածում: «ՀԱԿ-ը պետք է հաղթի եւ վերջ: Դրա համար կա բավական մեծ պոտենցիալ, եւ կան բոլոր նախադրյալները»,- ասաց Ռ.Խաչատրյանը: Նա հույս հայտնեց, որ մայիսի 31-ին ընդդիմությանը կհաջողվի արդյունավետ պայքար մղել ընտրակեղծիքների դեմ, թեեւ քաղաքապետի պաշտոնում նշանակված Գագիկ Բեգլարյանը «ընտրություններ կեղծելու մեծ փորձ ունի»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play