ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով քարտուղարի հետ


ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով քարտուղարի հետ

  • 20-10-2020 15:30:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: 
 
Զրույցի առանցքում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա: 
 
Մշտական քարտուղար Մորթնն իր խորին ցավակցությունը հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ: 
 
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից նշյալ համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վերջինիս անկարողությունը` հարգելու իր իսկ ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խոր մտահոգությամբ հայտնեց, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում  տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները:
 
Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play