Ոչ բավարար եկամուտով ընտանիքները պետք է խնայողաբար<br /> օգտագործեն գազը, էլեկտրաէներգիան եւ ջուրը,- ասում է «Բարգավաճ<br /> Հայաստան»-ի ներկայացուցիչը<br />


Ոչ բավարար եկամուտով ընտանիքները պետք է խնայողաբար
օգտագործեն գազը, էլեկտրաէներգիան եւ ջուրը,- ասում է «Բարգավաճ
Հայաստան»-ի ներկայացուցիչը

  • 02-04-2009 13:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, եւ կոմունալ ծառայություններից այլեւս հնարավոր չէ օգտվել ավելի էժան գներով: Այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը ապրիլի 2-ի ասուլիսում: Նրա խոսքերով, նշված սակագների բարձրացում թանկացումը կհանգեցնի համարյա բոլոր ապրանքների եւ սննդամթերքի թանկացման, ինչը, սակայն, կտրուկ չի կատարվի: «Հանրությունը պետք է հրաժարվի այն հոգեբանությունից, համաձայն որի, ինչ-որ մեկը պետք է վճարի մեր սպառածի փոխարեն»,- ասաց Վ.Բոստանջյանը` հավելելով, որ եթե մինչեւ այս տարի Հայաստանը կարողացել է գազի գինը եվրոպական երկրներում ամրագրված սակագների հետ համեմատ ցածր պահել, ապա այսօր արդեն դա անհնար է: «Ինչպե՞ս պետք է կոմունալ վճարումները կատարեն սոցիալապես անապահով ընտանիքները» հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, որ ոչ բավարար եկամուտ ունեցողները պետք է ավելի խնայողաբար օգտագործեն գազը, հոսանքը եւ ջուրը: Այն հարցին, թե ինչու՞ է ՀՀ-ն Թուրքիա արտահանվելիք էլեկտրաէներգիայի դիմաց սահմանում ավելի ցածր սակագին, քան սեփական սպառողների համար, Վ.Բոստանջյանը պատասխանեց, որ եթե գոյություն ունի «բացասական սալդո», ապա պետք է լինի նաեւ դրականը, այսինքն` Հայաստանի ժողովրդին մատակարարվող հոսանքը ավելի թանկ պետք է լինի: «Դա դատապարտելի երեւույթ չէ, աշխարհում կա նման պրակտիկա»,- ասաց պատգամավորը: Վ.Բոստանջյանը նշեց, որ տնտեսական դժվարությունները Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների համատեքստում որոշակի բացասական ազդեցություն կունենան քաղաքական զարգացումների վրա: Սակայն, նրա համոզմամբ, այդ ազդեցությունները ծայրահեղ վատ չեն լինի:
Նոյյան տապան  -   Քաղաքական