Ոչ բաւարար եկամուտով ընտանիքները պէտք է խնայողաբար
օգտագործեն գազը, էլեկտրաէներգիան եւ ջուրը,- ասում է «Բարգաւաճ
Հայաստան»-ի ներկայացուցիչը
02-04-2009 13:30:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից գազի, ջրի,
էլեկտրաէներգիայի սակագների թանկացումները պայմանաւորուած են
օբյեկտիվ պատճառներով, եւ կոմունալ ծառայութիւններից այլեւս
հնարաւոր չէ օգտուել աւելի էժան գներով: Այսպիսի տեսակէտ յայտնեց
Հայաստանի Ազգային Ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան
անդամ, ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի փոխնախագահ
Վարդան Բոստանջեանը ապրիլի 2-ի ասուլիսում: Նրա խօսքերով, նշուած
սակագների բարձրացում թանկացումը կհանգեցնի համարեայ բոլոր
ապրանքների եւ սննդամթերքի թանկացման, ինչը, սակայն, կտրուկ չի
կատարուի:
«Հանրութիւնը պէտք է հրաժարուի այն հոգեբանութիւնից,
համաձայն որի, ինչ-որ մէկը պէտք է վճարի մեր սպառածի փոխարէն»,-
ասաց Վ.Բոստանջեանը` յաւելելով, որ եթէ մինչեւ այս տարի Հայաստանը
կարողացել է գազի գինը եւրոպական երկրներում ամրագրուած սակագների
հետ համեմատ ցածր պահել, ապա այսօր արդէն դա անհնար է: «Ինչպե՞ս
պէտք է կոմունալ վճարումները կատարեն սոցիալապէս անապահով
ընտանիքները» հարցին ի պատասխան պատգամաւորը նշեց, որ ոչ բաւարար
եկամուտ ունեցողները պէտք է աւելի խնայողաբար օգտագործեն գազը,
հոսանքը եւ ջուրը:
Այն հարցին, թէ ինչու՞ է ՀՀ-ն Թուրքիա արտահանվելիք
էլեկտրաէներգիայի դիմաց սահմանում աւելի ցածր սակագին, քան սեփական
սպառողների համար, Վ.Բոստանջեանը պատասխանեց, որ եթէ գոյութիւն
ունի «բացասական սալդո», ապա պէտք է լինի նաեւ դրականը, այսինքն`
Հայաստանի ժողովրդին մատակարարւող հոսանքը աւելի թանկ պէտք է լինի:
«Դա դատապարտելի երեւոյթ չէ, աշխարհում կայ նման պրակտիկա»,- ասաց
պատգամաւորը:
Վ.Բոստանջեանը նշեց, որ տնտեսական դժուարութիւնները Երեւանի
աւագանու առաջիկայ ընտրութիւնների համատեքստում որոշակի բացասական
ազդեցութիւն կունենան քաղաքական զարգացումների վրայ: Սակայն, նրա
համոզմամբ, այդ ազդեցութիւնները ծայրայեղ վատ չեն լինի: