Վարդան Օսկանյան. Հայաստանի կառավարությունը պետք է ավելի<br /> թափանցիկ եւ անկեղծ լինի հասարակության հետ<br />


Վարդան Օսկանյան. Հայաստանի կառավարությունը պետք է ավելի
թափանցիկ եւ անկեղծ լինի հասարակության հետ

  • 06-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը տնտեսական աճի անկման կասեցումն է, որը լուծելու համար, առաջին հերթին, պետք է թեթեւացնել հարկային բեռը, դրսից բերված գումարները իսկապես նպատակային օգտագործել` առավելագույն աճի, աշխատատեղերի ստեղծման համար,- այս մասին Հանրային հեռուստաընկերության «25 րոպե» ծրագրին տված հարցազրույցում նշեց «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, նախկին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է կարողանա նաեւ վերացնել տնտեսության ամենամեծ խցանիչ տարրը` մենաշնորհը, եւ ստեղծել մրցակցության հավասար դաշտ: Այս երեք քայլերն անելու դեպքում, ըստ Վ.Օսկանյանի, երկիրը կկարողանա հաղթահարել ճգնաժամը: Վ.Օսկանյանը գտնում է, որ կառավարությունը իր վրա ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնի, ավելի թափանցիկ, ավելի անկեղծ լինի հասարակության հետ: Վ.Օսկանյանը գտնում է, որ դրամի արժեզրկումը անխուսափելի էր, իսկ դրա կասեցումը` անհնարին, եւ կառավարության մեղքն այս հարցում այն էր, որ մինչեւ վերջին պահը կառավարությունը հերքում էր դրա անհրաժեշտությունը. «Իհարկե, դա անում էր քաղաքական նպատակներով, իր խնդիրները ուներ լուծելու, բայց դա կառավարության հեղինակությանը մեծ հարված էր: Կառավարությունը հասարակության վստահությունը կորցրեց եւ դա այսօր, ճգնաժամային պայմաններում, կարծում եմ, շատ վնասակար է: Առանց կառավարության եւ նրա կողմից արվելիք քայլերի նկատմամբ հասարակության վստահության, մենք շատ ավելի մեծ դժվարությունների առաջ կկանգնենք»: Ըստ Վ.Օսկանյանի, անհնարին է նաեւ 2009թ.-ի բյուջեով նախատեսված 9% տնտեսական աճը ապահովելը: «Հարց է առաջանում` արդյոք կառավարությունը նույնպես կարհամարհի՞ այդ հարցը, կանտեսի՞, դրա մասին չի՞ խոսի, կասի՞, որ նման խնդիր չունենք, թե` կառավարությունը այս հարցին կանդրադառնա ավելի բաց, ավելի թափանցիկ, ժողովրդին իսկապես կբացատրի, թե այդ հարցում ինչ է արել»,- շեշտեց նախկին արտգործնախարարը` հավելելով, որ կառավարությունը առիթ ունի վերաշահել իր նկատմամբ ժողովրդի վստահությունը, պետք է հայտարարի` «մենք սխալվել ենք բյուջեի մեջ 9% տնտեսական աճ նախատեսելով, դա սխալ հաշվարկ էր, միգուցե` գերագնահատե՞լ էինք»: Ըստ նախկին արտգործնախարարի, նույնիսկ բյուջեի ծախսերը կրճատելու, բյուջեի դեֆիցիտը մեծացնելու կամ «դրսից բերած փողերը դեպի բյուջե ուղղելու» դեպքում 9-9,5% տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել: «Հասարակությունն այսօր մտահոգված է, որ կառավարությունը գնալու է 9% աճ ապահովելու` ի հաշիվ հարկերի, դա մնալու է փոքր ու միջին բիզնեսի վրա, որովհետեւ դրա նախանշանները կան, որն է հաշվիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը` այս նոր բեռը, որ դրվել է միջին, փոքր բիզնեսի վրա»: Ըստ Վ.Օսկանյանի, կառավարությունը պետք է ուղղակի հայտարարի` «մենք հետեւյալ քայլերն ենք անելու եւ սա չի արվելու ի հաշիվ հարկային քաղաքականության խստացման»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play