Հրայր Կարապետյան. «ՀՅԴ-ն պարտավոր է մասնակցել Երեւանի<br /> քաղաքապետի ընտրություններին»<br />


Հրայր Կարապետյան. «ՀՅԴ-ն պարտավոր է մասնակցել Երեւանի
քաղաքապետի ընտրություններին»

  • 06-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխոստիկանապետի սպանությունը հուսահատություն է առաջացնում բոլորի` եւ' պաշտոնյաների, եւ' հասարակ մարդկանց մոտ, սերմանում է նաեւ վախի մթնոլորտ: Այս կարծիքը փետրվարի 6-ի ճեպազրույցում հայտնեց Ազգային Ժողովի փոխնախագահ, «ՀՅԴ» խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը` համոզմունք հայտնելով, որ խնդրի երկրի նախագահի վերահսկողության տակ գտնվելու փաստը կազդի, որպեսզի սպանությունն արագ բացահայտվի: Ըստ նրա, միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ նաեւ նախկինում կատարված եւ մինչ այժմ չբացահայտված մի շարք աղմկոտ սպանությունների մասին: Ի պատասխան լրագրողի հարցին, թե նման չբացահայտված հանցագործությունների երկար շարանի առկայության դեպքում արդյոք գլխավոր դատախազը չպե՞տք է հրաժարական տա, կամ ԱԺ-ն վերանայի նրան այդ պաշտոնում իր ընտրությունը, Հ.Կարապետյանն ասաց, որ «ոչ միայն դատախազը, այլեւ բոլոր իրավապահ մարմինները ներկայացնողները պետք է լուրջ եզրակացություններ անեն»: Հ.Կարապետյանն անդրադարձավ նաեւ առաջին անգամ Երեւան քաղաքի ավագանու եւ ըստ այդմ քաղաքապետի ընթացիկ տարում անցկացվելիք ընտրություններին, նշելով, որ ՀՅԴ-ն դրանք շատ է կարեւորում: Ըստ նրա, ներկայումս նախնական քննարկումներ են ընթանում կուսակցության Երեւանի բոլոր կոմիտեների հետ` նրանց մոտեցումները ճշտելու համար: «Բայց, որ Դաշնակցությունը պարտավոր է մասնակցել այդ ընտրություններին` դրանում կասկած չկա»,- նշեց Հ.Կարապետյանը: Սակայն առայժմ որոշված չէ, թե ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի կուսակցության առանձի՞ն, թե՞ քաղաքական կոալիցիայի միասնական ցուցակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play