Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենում Դավոսում<br />


Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենում Դավոսում

  • 29-01-2009 23:00:00   | Շվեյցարիա  |  Քաղաքական
ԴԱՎՈՍ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական համաժողովի առթիվ այցով Դավոսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալության եւ Հայաստանի համագործակցության ներկա մակարդակը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ մինչ օրս հայաստանյան իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը եւ պատրաստակամություն հայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում: Նա նաեւ բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերը: Նույն օրը ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Ս.Սարգսյանը գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Հայաստանին Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերվող աջակցության համար եւ հույս հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաեւ ապագայում: Իր հերթին Հարուհիկո Կուրոդան նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ` կարեւորելով բոլոր առկա գործիքների արդյունավետ համադրումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, նույն օրը Ս.Սարգսյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Ուշ երեկոյան նախատեսված է նաեւ Ս.Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play