Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենում Դաւոսում<br />


Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենում Դաւոսում

  • 29-01-2009 23:00:00   |   |  Քաղաքական
ԴԱՎՈՍ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական համաժողովի առթիւ այցով Դաւոսում գտնուող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յունվարի 29-ին հանդիպում է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալութեան գործադիր տնօրէն Մուհամմեդ Էլ Բարադեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել միջուկային էներգիայի ոլոտում միջազգային գործակալութեան եւ Հայաստանի համագործակցութեան ներկայ մակարդակը: Հանդիպման ժամանակ քննարկուել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Մուհամմեդ Էլ Բարադեյը բարձր է գնահատել նոր էներգաբլոկի կառուցման ուղղութեամբ մինչ օրս հայաստանեան իշխանութիւնների կողմից ձեռնարկուած քայլերը եւ պատրաստակամութիւն յայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում: Նա նաեւ բարձր է գնահատել Մեծամօրի ատոմային էլեկտրակայանի անվտանգութեան բարձրացմանն ուղղուած քայլերը: Նոյն օրը ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ: Ս.Սարգսեանը գոհունակութիւն է յայտնել կառավարման բնագաւառում եւ ենթակառուցուածքների զարգացման ուղղութեամբ Հայաստանին Ասիական զարգացման բանկի կողմից մինչ օրս ցուցաբերուող աջակցութեան համար եւ հոյս յայտնել, որ այդ համագործակցութիւնն իր շարունակութիւնը կունենայ նաեւ ապագայում: Իր հերթին Հարուհիկո Կուրոդան նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռուած է զարգացնելու երկարաժամկէտ գործընկերային յարաբերութիւնները Հայաստանի հետ` կարեւորելով բոլոր առկայ գործիքների արդիւնաւէտ համադրումը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, նոյն օրը Ս.Սարգսեանը հանդիպումներ կունենայ Ռուսաստանի Դաշնութեան կառավարութեան ղեկավար Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի Համադաշնութեան նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ: Ուշ երեկոյեան նախատեսուած է նաեւ Ս.Սարգսեյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
  -   Քաղաքական