Բաղդադում Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ


Բաղդադում Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ

  • 23-02-2021 15:10:42   | Իրաք  |  Քաղաքական



Փետրվարի 22-ին Բաղդադում Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական և դիվանագիտական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, իրաքյան կողմից՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիզար Խեյրալլահը։  
 
«Կողմերը ստորագրել են «Իրաքի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության  միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև`«Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը։
 
Նույն օրը Արտակ Ապիտոնյանը հանդիպել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախարար Մուհամմեդ ալ Խաֆաջիի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև հայտնի պատճառներով հետաձգված երրորդ նիստի՝ Բաղդադում անցկացման հնարավոր ժամկետներին։ 
 
ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է ՀԱԵ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի և Հայ ազգային կենտրոնական վարչության անդամների հետ։
 
Փետրվարի 23-ին Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրաքի ԱԺ հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռեհան Հաննա Այուբի և խմբի անդամների հետ։ 
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդանական դիվանագիտության դերը հայ-իրաքյան հարաբերությունների և նրա բնականոն զարգացման ընթացքն ապահովելու գործում։ Արտակ Ապիտոնյանը Ռեհան Հաննա Այուբին շնորհակալություն է հայտնել արցախյան պատերազմի ընթացքում վերջինիս կողմից արված արդարացի հայտարարության համար։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play