Հասարակության ներքին պառակտումը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից<br /> զրկվելուց վտանգավոր է,- համոզված է Հմայակ Հովհաննիսյանը<br />


Հասարակության ներքին պառակտումը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից
զրկվելուց վտանգավոր է,- համոզված է Հմայակ Հովհաննիսյանը

  • 22-01-2009 17:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկելու իրավունքից զրկվելու հեռանկարն իսկապես լուրջ է, բայց երկրի համար ավելի վտանգավոր է հասարակության ներքին պառակտումը»,- հունվարի 22-ի ասուլիսում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Ղարաբաղն այսօր այլեւս չի հանդիսանում գերագույն բարոյական արժեք ողջ հայության համար, ինչպես դա 1988թ.-ին էր: «Այն ժամանակ Ղարաբաղը քննադատության թիրախ չէր կարող լինել. ղարաբաղցիների անգամ ամենահոռի եւ կասկածելի տեսակետները Հայստանում հանդուրժողականությամբ էին ընդունվում»,- հիշեցրեց քաղաքագետը: Մինչդեռ ներկայումս, ըստ նրա, ընդդիմադիր թեւում կարծիքներ են հնչում, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է թողնել ղարաբաղցիներին: Ելքը ստեղծված իրավիճակից, ինչպես հայտարարեց Հ.Հովհաննիսյանը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Ժողովրդին, ըստ նրա, պետք է հնարավորություն տալ արտահայտել իր քաղաքական դիրոքորոշումը, քանի որ իրականում նա է ներքաղաքական դաշտի երրորդ ուժը: Հ.Հովհաննիսյանը հավելեց, որ առկա լարվածությունը թուլացնելու համար հույժ կարեւոր է բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի սպանությունների իրական մեղավորներին: Նա զուգահեռներ անցկացրեց մարտի 1-ի եւ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջեւ` ընդգծելով, որ «27-ի» դեպքից հետո գոնե հանցանքի անմիջական կատարողները կանգնեցին դատարանի առջեւ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ԵԽ-ի կողմից երկակի չափանիշներ կիրառելու վերաբերյալ կարծիքներին, Հ.Հովհաննիսյանը նշեց, որ նման չափանիշներ պետք է կիրառվեն: Նա պարզաբանեց, որ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է, որին ժողովրդավարական արժեքները պետք է որ հատուկ լինեն: Իսկ Ադրբեջանն ու մահմեդական այլ երկրները, նրա բնութագրմամբ, դժվար են ընկալում այդ արժեքները, եւ նրանց հանդեպ մոտեցումները կարող են ավելի մեղմ լինել: «Միշտ էլ հաշմանդամին, թույլին արտոնություններ են տրվում»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play