Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենսդրական
փաթեթը
26-12-2008 23:00:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 26-ին
Հայաստանի Ազգային ժողովը 95 «կողմ», 6 «դեմ» ձայներով երկրորդ
ընթերցմամբ ընդունեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման
մասին» օրենքի նախագիծը եւ դրանից բխող 22 գործող օրենքներում եւ
օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Փաթեթին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության անդամները,
ինչը պայմանավորված էր կառավարության կողմից խմբակցության համար
սկզբունքային, այդ թվում քաղաքապետի ընտրության կարգի վերաբերյալ,
առաջարկությունների մերժմամբ:
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ «Լիցենզավորման
մասին» եւ «Պետական տուրքի մասին» գործող օրենքներում
կառավարության հեղինակած փոփոխությունների փաթեթը: Ըստ այդմ,
նախատեսվում է լիցենզավորման ենթակա գործունեության ցանկում
ներառել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը եւ շենքերի
ու շինությունների տեխնիկական հետազննությունը: Նշված երկու
գործունեություններից յուրաքանչյուրի իրականացման նպատակով բարդ
ընթացակարգով լիցենզիայի տրման համար պետական տուրքի տարեկան
դրույքաչափը առաջարկվում է սահմանել 50 հազար դրամ (մոտ 160 ԱՄՆ
դոլար):
Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության նախարար
Վարդան Վարդանյանը, այդ փոփոխութունների վերաբերյալ կառավարության
առաջարկությունը բխում է Քաղաքաշինական պետական տեսչության կողմից
վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների արդյունքներից:
Մասնավորապես, 2004-2008թթ.-ին ուսումնասիրված 6084 օբյեկտներից
1865-ում շինաշխատանքները կատարվել են առանց շինարարության որակի
տեխնիկական հսկողության իրականացման: Նշվեց նաեւ, որ շենքերի ու
շինությունների տեխնիկական հետազննությունը եւս բարդ եւ համալիր
ինժեներական գործընթաց է, որը պահանջում է մասնագիտական բարձր
որակավորում ունեցող կադրեր եւ անհրաժեշտ տեխնիկական
հագեցվածություն: Իսկ ներկայումս հետազննություն իրականացնելու
հնարավորություն է ընձեռնված սեյսմակայուն շինարարության
բնագավառում գիտահետազոտական եւ նախագծահետազննական կանոնադրական
գործառույթներ իրականացնող ցանկացած կազմակերպութան: Արդյունքում,
շատ դեպքերում նույն շենքի վերաբերյալ երկու տարբեր
կազմակերպությունների եզրակացությունները տրամագծորեն իրար
հակասում են: