Ըստ Գալուստ Սահակյանի, Եվրոխորհուրդը չպետք է այնքան անլուրջ<br /> գտնվի, որ Հայաստանին փորձի ետ մղել եվրոպական արժեքներից<br />


Ըստ Գալուստ Սահակյանի, Եվրոխորհուրդը չպետք է այնքան անլուրջ
գտնվի, որ Հայաստանին փորձի ետ մղել եվրոպական արժեքներից

  • 26-12-2008 16:15:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ Հայաստանի գլխին անդադար կախված է դամոկլյան սուրը: Սակայն որեւէ մեկը չի կարող կասեցնել մեր որդեգրած ընթացքը»,- դեկտեմբերի 26-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ձայնից զրկելու հեռանկարին: Ըստ ՀՀԿ-ական գործչի, հայ ժողովուրդը, ջարդերի ենթարկվելով մուսուլմանական աշխարհի ներկայացուցիչների կողմից, մերժել է նրանց արժեքները եւ ընտրել զարգացման եվրոպական ուղին: Այժմ, Գ.Սահակյանի խոսքերով, Եվրոխորհուրդը չպետք է այնքան անլուրջ գտնվի, որ Հայաստանին ետ մղի եվրոպական աշխարհից եւ դրդի դեպի մուսուլմանականը: Գ.Սահակյանը հավելեց, որ ներքաղաքական դաշտի որոշ ուժեր, որոնք տարիներ առաջ հանդես էին գալիս Ադրբեջանի հետ «քիրվայություն» անելու օգտին, այժմ «ճնշում են գործադրում» եվրոկառույցների վրա եւ անում են ամեն ինչ, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Գ.Սահակյանը չհստակեցրեց, թե որոնք են այդ ուժերը, սակայն նշեց, որ ինքը դրանց նորմալ ընդդիմություն չի համարում: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, նրա դիտարկմամբ, չկա այնպիսի ընդդիմություն, որի հետ պետք է երկխոսել կամ համագործակցել: «Իհարկե, հաճելի կլիներ, եթե միջազգային բոլոր կառույցներում մեզ համար միայն լավ խոսքեր ասվեին, բայց դա չպետք է վնասի մեր ազգային անվտանգությանը»,- ասաց Գ.Սահակյանը: Նա հավելեց, որ ինքը մարտի 1-ի գործով կալանավորվածներին համարում է իր ընկերները եւ կուզենար, որ «հենց վաղը հրովարտակ արձակվեր նրանց կալանքից ազատելու մասին»: Սակայն, ՀՀԿ-ի փոխնախագահի համոզմամբ, այդ հարցը պետք է լուծվի իրավական հարթության մեջ, այլապես նրանց ազատ արձակումը կարող է վտանգել երկիրը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play