Մարգարեթ Սեկագիա. «Հայաստանում, ըստ ամենայնի, տարածվում է<br /> ինքնագրաքննությունը»<br />


Մարգարեթ Սեկագիա. «Հայաստանում, ըստ ամենայնի, տարածվում է
ինքնագրաքննությունը»

  • 18-06-2010 20:14:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանում խաղաղ հավաքների ազատության լուրջ սահմանափակումներ կան. թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումն օրինական է, սակայն տեղեկություններ կան, որ իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ են կիրառվում»,- նշվում է Իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիայի նախնական եզրակացությունում: Ինչպես նա նշեց Հայաստան կատարած քառօրյա այցի ավարտին` հունիսի 18-ի, ասուլիսում, ինքը տեղեկություններ է ստացել նաեւ, որ հանդիպումներ եւ կոնֆերանսներ անցկացնելու համար տարածք փնտրելիս իրավապաշտպան եւ ընդդիմադիր կազմակերպությունները բախվում են դժվարությունների: Մ.Սեկագիան նաեւ մտահոգություն հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով իրավապաշտպանները եւ լրագրողները արտահայտման իրենց իրավունքն իրականացնելիս բախվում են ֆիզիկական ռիսկերի հետ: «Որպես հետեւանք, Հայաստանում, ըստ ամենայնի, տարածվում է ինքնագրաքննությունը»,- ասաց նա: Ըստ Մ.Սեկագիայի, իրավապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների եւ հետապնդումների փաստագրված դեպքերը վկայում են անպատժելիության մթնոլորտի մասին: Նրա խոսքերով, «այսօրինակ անպատժելիությունը սերտորեն առնչվում է ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին եւ դատական համակարգի անկախության պակասին»: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը գտնում է, որ անհրաժեշտ է իրականացնել մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի, մասնավորապես, լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ գործերով արագ, հանգամանալից եւ թափանցիկ հետաքննություն: Նա նշեէ, որ այդօրինակ խախտումների մի օրինակ է այն, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական դեպքերն ու սպանությունները չեն քննվել: Հատուկ զեկուցողն իշխանություններին առաջարկում է երկխոսություն հաստատել քաղաքացիական հասարակության հետ, ապահովել հասարակության մասնակցությունը պետական գործերին, որոշումներ ընդունելիս հաշվի առնել քաղաքացիական հասարակության եւ իրավապշտպանների տեսակետները: ՄԱԿ-ի ներկայացուցիչը առաջարկում է նաեւ ոստիկանությունում անցկացնել համապարփակ բարեփոխումների ծրագիր, քայլեր ձեռնարկել դատաիրավական համակարգի անկախությունն ապահովելու ուղղությամբ, բարեփոխել արդարադատության իրականացումը: Սա, ըստ նրա, պետք է իրականացվի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգընթաց, որպեսզի ապահովվի պետական կառույցների ընդհաշվետվությունը: Մ.Սեկագիան կոչ արեց վերանայել հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների նպատակահարմարությունը, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխություններում եւ լրացումներում լիարժեք կերպով արտացոլել քաղաքացիական հասարակության եւ միջազգային փորձագետների կարծիքները:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play