Բաքվում ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայի դեպքերի
տարելիցին նվիրված ցույցը. կան վիրավորներ ու ձերբակալվածներ
30-04-2010 18:48:00 | Ադրբեջան | Հասարակություն
ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսօր Բաքվում
ոստիկանությունը ցրել է Նավթային ակադեմիայում տեղի ունեցած
ահաբեկչության տարելիցին նվիրված ցույցը, ակցիայի մասնակից տասնյակ
երիտասարդներ ձերբակալվել են:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության
վկայությամբ` իրավապահները փակել են դեպի Նավթային ակադեմիա տանող
ճանապարհները, երբ ուսանողների խմբերը մոտենում էին շենքին`
ծաղիկներ դնելու:
Ոստիկանության կողմից ցույցը ցրելու ժամանակ մի քանի
ուսանողներ մարմնական վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ 2009 թվականի ապրիլի 30-ին Վրաստանի քաղաքացի,
ազգությամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժել էր Նավթային
ակադեմիայի շենք եւ, աստիճաններով բարձրանալով անկանոն կրակ բացել
ուսանողների եւ դասախոսների ուղղությամբ. զոհվել էր 12, վիրավորել`
13 մարդ: Անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններից հետո
ինքնասպան էր եղել նաեւ ինքը` 29-ամյա Գադիրովը: