Եվրազեսի անդամ երկրների համար առաջիկա ամիսներին կձեւավորվի
Կայունացման հիմնադրամ
02-04-2009 19:30:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին Մոսկվայում
կայացած ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող
խորհրդակցության երկրորդ նիստում քննարկվել են ֆինանսատնտեսական
ճգնաժամին դիմակայելու, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսական ու
ֆինանսական համակարգի բարեփոխումների հետ կապված խնդիրներ: Այս
մասին ապրիլի 2-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար
Տիգրան Դավթյանը:
Ըստ նրա, մինչ հանդիպումը մասնակից երկրների
ներկայացուցիչները ծանոթացել են այդ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի
ներկայացրած տեսակետին, իսկ դրանք, Տ.Դավթյանի խոսքերով, մոտ են
եղել հայկական կողմի մոտեցումներին: Նախարարը նշեց, որ հանդիպման
արդյունքում խնդրի շուրջ ձեւավորվել է ընդհանուր մոտեցում, որը
«G20»-ում` Լոնդոնում ընթացող 20 խոշորագույն երկրների ղեկավարների
գագաթաժողովում, կներկայացնի Ռուսաստանը:
ԱՊՀ-ի անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի եւ կենտրոնական
բանկերի ղեկավարները Մոսկվայում մասնակցել են նաեւ Եվրասիական
տնտեսական համագործակցության 7-րդ նիստին: Ըստ Տ.Դավթյանի, այդ
նիստում առաջարկվել է Եվրազեսի անդամ երկրների շրջանակներում
ձեւավորել Կայունացման հիմնադրամ` մինչեւ 10 մլրդ ԱՄՆ դոլար
ընդհանուր գումարով: Ներկայումս հիմնադրամի ձեւավորման
աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Նախարարը նշեց, որ
հիմնադրամի ձեւավորման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել
անդամ երկրների նախագահների մակարդակով:
Հիմնադրամը հիմնականում իրականացնելու է մակրոտնտեսական
կայունացման, ինչպես նաեւ ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված
ծրագրեր: «Այս հիմնադրամը մեզ հնարավորություն կտա առաջիկայում
նաեւ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու ենթակառուցվածքների
զարգացման նպատակով»,- նշեց Տ.Դավթյանը: