Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա։


Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա։

  • 13-09-2022 09:43:40   |   |  Քաղաքական

Azatutyun.am -ը հաղորդում է․
 
09:27
 
Այսօր ժամը 9:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
 
«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում», - ասված է հաղորդագրությունում:
 
09։04
 
Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքններն ու պատուհաններն են վնասվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը՝ նշելով՝ վնասի չափը դեռ պարզ չէ։
 
Ըստ Խաչատրյանի՝ այս պահին գնդակոծությունը շարունակվում է։
 
 
08։40
 
Առավոտյան ժամը 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություն չի կրել, հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսկներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիակն ենթակառուցվածքները։
 
Ըստ նախարարության՝ սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, Ադրբեջանը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
 
 
08։15
 
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս մասին հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Կառավարությունից ստացած տեղեկատվությունը:
 
Ռուսաստանին և միջազգային կառույցներին դիմելու որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի գիշերը կայացած նիստում, որտեղ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
 
06:22
 
Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ:
 
Պետքարտուղարը, որ նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, շեշտել է, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով։
 
Նա նշել է, որ ինչպես ավելի վաղ պարզորոշ ասվել է, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:
 
06:02
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
 
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել, հայտնում են կառավարությունից:
 
 
Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
 
05:46
 
Ժամը 05:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է նույնը, հայտնեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա փոխանցմամբ` սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր:
 
Կորուստների վերաբերյալ տվյալները դեռ ճշտված չեն, ասաց գերատեսչության մամուլի խոսնակը:
 
 
05:43
 
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին և իր ռուսաստանցի գործընկերոջը` Սերգեյ Լավրովին ներկայացրել է «Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը», հայտնում է ԱԳՆ-ն:
 
Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
 
ԱԳ նախարարը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։
 
Սերգեյ Լավրովի հետ զրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
 
05:15
 
Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:
 
Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, նշում են Առողջապահության նախարարությունից` հավելելով, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
 
05:09
 
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանն այսօր հանդիպել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը, հայտնում է նախարարությունը:
 
Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, և որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
 
 
«Ընդգծվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - փոխանցում են պաշտպանական գերատեսչությունից։
 
04:37
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը:
 
Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խո
 
04:33
 
Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
 
Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են, փոխանցում է պաշտպանական կառույցը:
 
 
04:32
 
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ադրբեջանական կողմի գործողությունների առթիվ: Ըստ իրավապահ կառույցի հաղորդագրության` իրականացվում է նախաքննություն։
 
Քրեական վարույթը նախաձեռնվել է երկու հատկանիշնեչով` առաջին` քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը, և երկրորդ` պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը:
 
Քննչական կոմիտեն նշում է, որ այսօր կեսգիշերն անց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
 
04:18
 
Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
 
«Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:
 
04:17
 
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստություն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի ինտենսիվ հրետակոծության վերաբերյալ հաղորդումների առնչությամբ:
 
Թվիթերյան գրառման մեջ հեղինակավոր կազմակերպությունը «անմիջապես կրակը դադարեցնելու կոչ է անում և երկու կողմերին հորդորում է խաղաղ լուծում գտնել»:
 
03։33
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
 
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով։ Խոր մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակով՝ Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
 
 
Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
 
03:31
 
Սյունիքի Քարաշեն գյուղի ուղղությամբ արձակված արկերից մեկն ընկել է գյուղի կենտրոնում գտնվող հանդիսությունների սրահի վրա: Նախնական տեղեկություններով` տուժածներ չկան:
 
 
Այս պահին կրակոցները շարունակվում են, սակայն դրանք ավելի հեռվից են լսվում:
 
03։19
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գիշերը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Զինված ուժերի հետ ժամեր առաջ սկիզբ առած բախումներում սեփական կորուստների, նաև՝ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին:
 
Պաշտոնական Բաքուն, այդուհանդերձ, տվյալներ չի հրապարակում:
 
03։15
 
«Հայաստան» դաշնքը դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:
 
Դաշինքը ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ակնկալում է «հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում», ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ներգրավված համանախագահող պետություններին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին կոչ է անում՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունները կանխելու և դրանց համարժեք գնահատական տալու համար»:
 
«Ակնկալում ենք նաև մեր բարեկամ երկրների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ ներգրավվածությունը՝ ադրբեջանական հանցավոր վարքագծին գնահատական տալու և Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար», - ասված է դաշինքի հայտարարությունում։
 
03:15
 
Ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, նրանց տվյալները ճշտվում են, հաղորդում է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
 
Ըստ Թորոսյանի` հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊՆ խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի պնդումները, թե հրետակոծությունն սկսել են ՀՀ զինված ուժերը:
 
«Ավելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում», - շեշտեց նա` հիշեցնելով վերջին օրերին տարածվող հաղորդագրությունները:
 
Արամ Թորոսյանն ընդգծեց, որ վերջին լայնածավալ սադրանքը նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play