Բարձունքը, որտեղ գնդակահարել են հայ զինծառայողներին, Իշխանասարի դիրքերից «Հովազ 1»-ում է․ Սիրանուշ Սահակյան


Բարձունքը, որտեղ գնդակահարել են հայ զինծառայողներին, Իշխանասարի դիրքերից «Հովազ 1»-ում է․ Սիրանուշ Սահակյան

  • 03-10-2022 19:37:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրերը, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում:
 
Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
 
Ըստ նրա՝ կան նաև հստակ փաստեր, որ 10 օր առաջ ադրբեջանցի զինվորականները այդ հատվածից նկարներ են տարածել՝ որպես Իշխանասարի:
 
«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում են ադրբեջանցիների տարածած տեսանյութում՝ իրենց իրերով, տեղանքով: Այսինքն՝ միանշանակ է, որ Իշխանասարում է եղել։ Երկու զինծառայողի հեշտությամբ ենք նույնականացրել, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում են եղել: Նույնականացված երկու զինծառայող պարտադիր ժամկետային է եղել: Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից կադրերում երևում է 4-ի գնդակահարությունը: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան»,- ասաց նա:
 
Սահակյանի խոսքով՝ առկա են հստակ ապացույցներ, որ գերիների գնդակահարությունը իրականացրել է «Կոմանդո» ստորաբաժանումը, որին վերապատրաստում են թուրք հրամանատարները:
 
Ըստ նրա՝ այժմ աշխատում են ապացույցների վրա, որպեսզի ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 44-օրյա պատերազմին վերաբերող՝ ՄԻԵԴ-ում արդեն քննվող գործի շրջանակներում փորձելու են մեծացնել դատարանի պատասխանատվությունը, որպեսզի ստանդարտներ փոխվեն:
 
Իրավապաշտպանը ընդգծեց՝ արդեն կա հաստատված է 17 գերու անուն, որոնք գտնվում են Ադրբեջանում: Սակայն, ըստ նրա, նրանց թիվն ավելին է, քանի որ ավելի շատ ներկայացված անձինք կան, քան հաստատված են:
 
Հիշեցնենք՝ երեկ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում կադրեր էին, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ գերիների խմբի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play