Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը․ ԱԳՆ


Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը․ ԱԳՆ

  • 21-11-2022 20:05:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
 
Արարատ Միրզոյանն ու Անտոնիո Տայանին արձանագրել են, որ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա, և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
 
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Ընդգծվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և այս առումով կարևորվել հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը:
 
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը:
 
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play