Բորելը և Բայրամովը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման հարցը


Բորելը և Բայրամովը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման հարցը

  • 02-12-2022 10:48:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Լեհաստանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
 
Բորելը Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելուն։ «Մենք Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկեցինք տարածաշրջանային հարցեր: Ես ընդգծեցի Եվրամիության հանձնառությունը՝ խթանելու խաղաղ բանակցությունները և ամրապնդելու վստահությունը Հարավային Կովկասում: Խաղաղության ամրապնդման և տարածաշրջանային բարգավաճման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար Ադրբեջանի հետ համագործակցության հույս ունեմ», - գրել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
 
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ Բայրամովն ասել է, թե Հայաստանը «խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը, խուսափում երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պարտավորությունների կատարումից և փորձում է ապակողմնորոշիչ կարծիք ստեղծել կարգավորման գործընթացի վերաբերյալ»։
 
Նախօրեին Լոձում կայացել է նաև Ժոզեպ Բորելի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը