Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «հարգել մարդկանց՝ մտքի և հավաքների ազատությունը, խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը»


Ադրբեջանը Ֆրանսիային կոչ է արել «հարգել մարդկանց՝ մտքի և հավաքների ազատությունը, խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը»

  • 27-03-2023 21:27:51   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների առումով վատագույն ցուցանիշներն ունեցող Ադրբեջանը, Ֆրանսիայում զանգվածային ցույցերի ֆոնին, դիմել է այդ երկրի իշխանություններին՝ կոչ անելով հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ մտքի և հավաքների ազատությունը, ինչպես նաև խաղաղ բողոքի ակցիաների իրավունքը:
 
Ինչպես հաղորդում է interfax.az-ը, այս մասին ասել  է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին տեղական մամուլի հարցին։
 
«Կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները պետք է հետաքննեն Ֆրանսիայում ծայրահեղ բռնության դեպքերը և պահանջեն համապատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրի պարտավորությունների շրջանակում», - ասել է Հաջիզադեն։
 
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Փարիզում վերսկսվել են արդեն իսկ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Այս ակցիան իններորդն էր հունվարի կեսերից ի վեր, երբ արհմիություններն առաջին անգամ դուրս են բերել մարդկանց՝ պայքարելու կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ։
 
Ֆրանսիան մարտի 16-ին օրենք է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։ Փաստաթուղթը հաստատվել է խորհրդարանում առանց քվեարկության:
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպառնացել էր ցրել Ազգային ժողովը կենսաթոշակային բարեփոխումների համար ձայների սակավության դեպքում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play