«Դավինչի» ՍՊ տուրիստական գործակալության կողմից հափշտակվել է շուրջ 224 մլն ՀՀ դրամ


«Դավինչի» ՍՊ տուրիստական գործակալության կողմից հափշտակվել է շուրջ 224 մլն ՀՀ դրամ

  • 22-08-2023 11:06:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
 
Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել  գործակալության հաճախորդների գույքը, գիտակցելով գործակալությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով հաճախորդների հանգիստը արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է տուրիստական գործակալություն դիմած քաղաքացիների հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու և ֆինանսական գործարքներ իրականացնելու պարտականություն: 
 
Վերջինս և նույն ՍՊԸ-ի տուրիզմի մենեջերը, նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչև 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների ունեցած վստահությունից, չարաշահելով այդ վստահությունը, տուրիստական գործակալություն դիմած 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու, այդ նպատակով ավիատոմսերի և հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, շարունակաբար, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար: 
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենին և տուրիզմի մենեջերին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
 
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play