Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ


Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ

  • 25-09-2023 14:15:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ստեղծվել է «Մայրենի 5»  նոր դասագիրքը (Մայրենի 5–րդ դասարանի դասագիրք, Ա․ Գալստյան, Թ․ Թովմասյան, «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան 2023), որը գործածության մեջ է մտել 2023-2024 ուսումնական  տարվանից: Նշված դասագիրքն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, ինչպես նաև հասանելի է դրա էլեկտրոնային տարբերակը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում և ԿՏԱԿ-ի պաշարների շտեմարանում՝ https://tinyurl.com/st7m7avt: Նոր դասագրքերի գործածությամբ՝ նախկին դասագրքերը դպրոցներում այլև չեն օգտագործվում:
 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Մայրենի 5» նախկին դասագիրքը (1-ին մաս, 2-րդ մաս, հեղինակներ՝ Դավիթ Գյուրջինյան, Թամարա Ալեքսանյան, Աշոտ Գալստյան, «Էդիթ Պրինտ» հրատարակություն)  առաջին անգամ  երաշխավորվել է 2006 թվականին, երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից և մինչև 2023 թվականը, ըստ գործածության ժամկետների, պարբերաբար վերահրատարակվել է: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի կայքում` dshh.am,  հրապարակված են դպրոցներում օգտագործված դասագրքերի էլեկտրոնային  տարբերակները, որտեղ նշված դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով` https://tinyurl.com/3era57ea:
 
Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել  դպրոցներում օգտագործելու համար:
 
Համացանցում շրջանառվող լուրերը, թե նախարարության կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են և աղերս չունեն  իրականության հետ:
 
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և կոչ ենք անում չտրվել հնարքի ազդեցությանն ու անհարկի մանիպուլյացիաներին: Որևէ տեղեկատվություն տարածելուց կամ դրա վերաբերյալ քննարկում ծավալելուց առաջ անհրաժեշտ է դրա իսկությունը ստուգել պաշտոնական հարթակներում:
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play