ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ Է<br /> ՀԱՏԿԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ<br /> ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ Է
ՀԱՏԿԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 31-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը որոշել է 20 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Հայաստանի Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար: Ըստ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի հաղորդագրության, վարկը տրամադրվել է Միջազգային զարգացման ընկերակցության` ՄԶԸ-ի «կոշտացված» պայմաններով. մարման ժամկետը կազմում է 20 տարի` արտոնյալ 10 տարին ներառյալ: Նշվում է, որ սկսած 2006թ. հուլիսի 1-ից Հայաստանը գտնվում է ՄԶԸ-ից դուրս գալու գործընթացում: Ընթացիկ ծրագիրն ընդարձակելու համար պահանջվող ՀԲ-ի լրացուցիչ ֆինանսավորումը ակնկալվում էր դեռ ծրագրի գնահատման ժամանակ, եւ «Կառավարման պայմանագիրը» պատրաստվել էր վեց տարվա ծրագրի հիման վրա: Ուստի Լրացուցիչ ֆինանսավորումը կօգտագործվի «Կառավարման պայմանագրի» երկարացման եւ նախկինում առանձնացված լրացուցիչ ներդրումների ֆինանսավորման համար: Այն կօժանդակի Հայաստանի ջրամատակարարման հատվածի ներդրումային հսկայական կարիքների բավարարմանը: Ծրագիրը նախագծող ՀԲ-ի թիմի ղեկավար Ջոնաթան Կամկվալալան նշել է, որ ներդրումային ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի, իսկ «Հայջրմուղկոյուղու» ջրամատակարարման համակարգերի վերանորոգման եւ վերականգնման ծրագրի արդյունքում արդեն լավացել է ջրի որակը, ավելացել մաքուր եւ ապահով ջրամատակարարման առկայությունը` ծրագրում ներառված տարածքներում. խմելու ջրի միջին կշռված օրական ժամերի քանակը 2008թ.-ին հասել է 12,2 ժամի` 2004թ.-ի 6 ժամի դիմաց: Ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն լավացել է նաեւ «Հայջրմուղկոյուղու» կառուցվածքային եւ ֆինանսական աշխատանքը: Սակայն, ըստ նրա, ոլորտում դեռ կա էական ներդրումների կարիք: Այդ պատճառով ՀԲ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարությանը ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների բարեփոխման գործում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play