ԴԵՌԵՎՍ ՈՐՈՇՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ<br /> ԺԱՄԿԵՏՆԵՐԸ<br />


ԴԵՌԵՎՍ ՈՐՈՇՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  • 13-10-2008 17:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանին իրանական գազի մատակարարման ժամկետները դեռեւս որոշված չեն: Հայկական եւ իրանական կողմերը պայմանավորվել են Հայաստանին իրանական գազի մատակարարումն ապահովել հայկական կողմի համար անհրաժեշտության դեպքում: Տվյալ պահին նման անհրաժեշտություն չկա: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս հայկական եւ իրանական կողմերի միջեւ բանակցություններ էին վարվում Հայաստանին իրանական գազի մատակարարման ժամկետների մասին: Կանխավ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողներին հայտնել էր, որ գազատարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2009 թվականի սկզբին, այդուհանդերձ նախարարը չէր բացառել, որ աշխատանքները կարող են ավարտվել նաեւ ընթացիկ տարվա վերջին: Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների պայմանավորվածությունների համաձայն, Հայաստանը Իրանի մատակարարած գազի դիմաց կվճարի էլեկտրաէներգիայով` մեկ խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով: Հիշեցնենք, որ Իրան-Հայաստան գազատարի առաջին հերթի շինարարությունը ավարտվեց 2007 թվականի մարտին: Կառուցված Մեղրի-Քաջարան տեղամասի հզորությունը կազմում է տարեկան 1,2 մլրդ խ/մ գազ: Իրանական գազի Հայաստան ներմուծման ծավալների մեծացման նպատակով սկսվել է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հերթի, մասնավորապես Քաջարան-Արարատ տեղամասի շինարարությունը, 150 կմ երկարությամբ եւ տարեկան 2,3 մլրդ խ/մ թողունակությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play