ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՀՆԱ-Ի<br /> ԵՐԿՆԻՇ ԱՃ<br />


ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՀՆԱ-Ի
ԵՐԿՆԻՇ ԱՃ

  • 08-10-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ակնկալվում է, որ այս տարի եւս Հայաստանը կունենա ՀՆԱ-ի երկնիշ աճ` շինարարության բնագավառում բուռն ակտիվության շնորհիվ: Այս մասին նշվում է «Գրանթ թորնթոն» ընկերության հրապարակած 2008թ-ի միջազգային գործարար զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում, որը հոկտեմբերի 8-ին ներկայացրեց ընկերության Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանը: Զեկույցի համաձայն, սննդամթերքի ներկրման, նավթի միջազգային բարձր գների, նաեւ ներքին մեծ պահանջարկի վրա հիմնվելով կարելի է ակնկալել, որ տարվա վերջին սպառողական գների ինդեքսի աճը կկազմի մոտ 7%` գերազանցելով գնաճի հայտարարված 4%-ը: Այդուհանդերձ, ըստ Գ.Հակոբյանի, այս ցուցանիշն ավելի ցածր է, քան հարեւան երկրներինը, եւ ակնկալվում է, որ 2009թ.-ին այն կնվազի` հայտնվելով հայտարարված սահմանում: Նշվեց, որ այս տարի բյուջեն կունենա ՀՆԱ-ի 1,2%-ի չափով պակասուրդ, որը հնարավոր կդարձնի տարադրամի իրական արժեւորումը: Միջազգային գործարար զեկույցի համաձայն, ուսումնասիրված 34 երկրների մեծ մասում մասնավոր հատվածի ձեռնարկությունները լավատեսորեն են տրամադրված տարվա հեռանկարների նկատմամբ: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հնդկաստանը գլխավորում է աղյուսակը որպես ամենալավատես տնտեսություն ունեցող, իսկ Ճապոնիան կրկին աղյուսակի ամենաստորին մասում է` հոռետեսության արդյունքով: Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները 2008թ.-ի արդյունքների նկատմամբ ավելի լավատես են եղել, քան նախորդ տարի: Շահութաբերության առնչությամբ լավատեսության մակարդակը գերազանցել է համաշխարհային միջինը, իսկ արտահանման վերաբերյալ լավատեսության մակարդակը աննշան է ցածր համաշխարհային միջինից: Զբաղվածության իրական աճի ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան կանխատեսվել էր 2007թ.-ին: Միջազգային ներդրումների համար որոշիչ գործոնների կարեւորության մասով Հայաստանի, ինչպես նաեւ համաշխարհային գործարարության համար ամենակարեւորը տնտեսության չափն ու զարգացման ներուժն են: Արտահանող ձեռնարկությունների թիվը Հայաստանում (34%) զիջում է համաշխարհային միջինին (39%) եւ 2007թ.-ին գրանցված 36%-ին: Հայաստանի ձեռնարկությունների 72%-ը ներկրում է` գերազանցելով համաշխարհային միջին 39% ցուցանիշը: Հայ գործարարների երկու երրորդն իրենց մրցակիցներին տեսնում են տեղական շուկայում: Այս ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է համաշխարհային միջինից: Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները (83%), համաշխարհային գործարարները (70%) իրենց ամենամեծ մրցակցային առավելությունը տեսնում են ապրանքի եւ ծառայության որակի մեջ: Հայաստանում մարդկային ռեսուրսները եւ հմուտ աշխատուժը որպես գլխավոր մրցակցային առավելություն է դիտում ձեռնարկությունների 75%-ը,` ի տարբերություն համաշխարհային 55% ցուցանիշի: Նշենք, որ հարցումն անցկացվում է «Գրանթ Թորնթոն» ընկերության տարբեր երկրների ներկայացուցչությունների կողմից: Կազմակերպությունը գործում է 100-ից ավելի երկրներում: Տարեցտարի ավելի մեծ թվով երկրներ են ընդգրկվում հարցումների ցուցակում: Հայաստանն ուսումնասիրություններին մասնակցում է երրորդ տարին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play