ԱԿՆԿԱԼՒՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱՅ ՀՆԱ-Ի<br /> ԵՐԿՆԻՇ ԱՃ<br />


ԱԿՆԿԱԼՒՈՒՄ Է, ՈՐ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱՅ ՀՆԱ-Ի
ԵՐԿՆԻՇ ԱՃ

  • 08-10-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ակնկալւում է, որ այս տարի եւս Հայաստանը կունենայ ՀՆԱ-ի երկնիշ աճ` շինարարութեան բնագաւառում բուռն ակտիւութեան շնորհիւ: Այս մասին նշւում է «Գրանթ թորնթոն» ընկերութեան հրապարակած 2008թ-ի միջազգային գործարար զեկոյցի Հայաստանին վերաբերող յատուածում, որը հոկտեմբերի 8-ին ներկայացրեց ընկերութեան Հայաստանի ներկայացուցիչ Գուրգէն Յակոբեանը: Զեկոյցի համաձայն, սննդամթերքի ներկրման, նաւթի միջազգային բարձր գների, նաեւ ներքին մեծ պահանջարկի վրայ հիմնուելով կարելի է ակնկալել, որ տարուայ վերջին սպառողական գների ինդեքսի աճը կկազմի մօտ 7%` գերազանցելով գնաճի յայտարարուած 4%-ը: Այդուհանդերձ, ըստ Գ.Յակոբեանի, այս ցուցանիշն աւելի ցածր է, քան հարեւան երկրներինը, եւ ակնկալւում է, որ 2009թ.-ին այն կնուազի` հայտնվելով յայտարարուած սահմանում: Նշուեց, որ այս տարի բիւջէն կունենայ ՀՆԱ-ի 1,2%-ի չափով պակասուրդ, որը հնարաւոր կդարձնի տարադրամի իրական արժեւորումը: Միջազգային գործարար զեկոյցի համաձայն, ուսումնասիրուած 34 երկրների մեծ մասում մասնաւոր հատուածի ձեռնարկութիւնները լաւատեսօրէն են տրամադրուած տարուայ հեռանկարների նկատմամբ: Արդէն հինգերորդ տարին է, ինչ Հնդկաստանը գլխաւորում է աղիւսակը որպէս ամենալավատես տնտեսութիւն ունեցող, իսկ Ճապոնիան կրկին աղիւսակի ամենաստորին մասում է` յոռետեսութեան արդիւնքով: Հայաստանի մասնաւոր հատուածի ձեռնարկութիւնները 2008թ.-ի արդիւնքների նկատմամբ աւելի լաւատես են եղել, քան նախորդ տարի: Շահութաբերութեան առնչութեամբ լաւատեսութեան մակարդակը գերազանցել է համաշխարհային միջինը, իսկ արտահանման վերաբերեալ լաւատեսութեան մակարդակը աննշան է ցածր համաշխարհային միջինից: Զբաղվածության իրական աճի ցուցանիշը Հայաստանում աւելի ցածր է եղել, քան կանխատեսվել էր 2007թ.-ին: Միջազգային ներդրումների համար որոշիչ գործօնների կարեւորութեան մասով Հայաստանի, ինչպէս նաեւ համաշխարհային գործարարութեան համար ամենակարեւորը տնտեսութեան չափն ու զարգացման ներուժն են: Արտահանող ձեռնարկութիւնների թիւը Հայաստանում (34%) զիջում է համաշխարհային միջինին (39%) եւ 2007թ.-ին գրանցուած 36%-ին: Հայաստանի ձեռնարկութիւնների 72%-ը ներկրում է` գերազանցելով համաշխարհային միջին 39% ցուցանիշը: Հայ գործարարների երկու երրորդն իրենց մրցակիցներին տեսնում են տեղական շուկայում: Այս ցուցանիշը գրեթէ կրկնակի աւելի է համաշխարհային միջինից: Հայաստանի մասնաւոր հատուածի ձեռնարկութիւնները (83%), համաշխարհային գործարարները (70%) իրենց ամենամեծ մրցակցային առաւելութիւնը տեսնում են ապրանքի եւ ծառայութեան որակի մէջ: Հայաստանում մարդկային ռեսուրսները եւ հմուտ աշխատուժը որպէս գլխաւոր մրցակցային առաւելութիւն է դիտում ձեռնարկութիւնների 75%-ը,` ի տարբերութիւն համաշխարհային 55% ցուցանիշի: Նշենք, որ հարցումն անցկացւում է «Գրանթ Թորնթոն» ընկերութեան տարբեր երկրների ներկայացուցչությունների կողմից: Կազմակերպութիւնը գործում է 100-ից աւելի երկրներում: Տարէցտարի աւելի մեծ թւով երկրներ են ընդգրկվում հարցումների ցուցակում: Հայաստանն ուսումնասիրություններին մասնակցում է երրորդ տարին:
  -   Տնտեսութիւն