ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿԱՌԱՋԱՆԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՔԻՆ<br /> ԱԶԴԱԿՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ<br /> ՊԱՏՃԱՌՈՎ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿԱՌԱՋԱՆԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՏԱՔԻՆ
ԱԶԴԱԿՆԵՐԻ, ԱՅԼԵՎ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՊԱՏՃԱՌՈՎ,- ԳՏՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ

  • 01-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսական շուկայի ճգնաժամը դեռեւս չի ազդում Հայաստանի տնտեսության վրա, եւ դրա պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսությունը ինտեգրված չէ միջազգային շուկայում: Նման կարծիք հոկտեմբերի 1-ի ասուլիսում հայտնեց տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Ըստ նրա, այդ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի անուղղակի. կկրճատվեն մասնավոր տրանսֆերտների չափը (քանի որ արտերկրում ապրող հայերը բնականաբար զգալու են դրա ազդեցությունը): Իսկ մասնավոր տրանսֆերտները, Ա.Թեւանյանի գնահատմամբ, շատ մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: «Դա պետական բյուջեի ծախսայինի չափով գումար է. 2007թ.-ին այն կազմել է մոտ 2 մլրդ դոլար: Դրանք այն գումարներն են, որոնք մտնում են սպառողական շուկա եւ նպաստում են երկրի տնտեսության աշխուժացմանը»,- ասաց տնտեսագետը, հավելելով, որ, եթե այսպես շարունակվի, ապա 2009թ.-ի առաջին եռամսյակից հետո Հայաստանում կսկսվի տնտեսության ետընթացը: Ա.Թեւանյանի համոզմամբ, Հայաստանում տնտեսական պրոբլեմներ կառաջանան ոչ միայն արտաքին ազդակների պատճառով, այլ նաեւ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության: «Հարկային տեռոր է իրականացվում բիզնեսի տարբեր շերտերի նկատմամբ: Եթե տնտեսության կառուցվածքը չի փոխվում, մրցակցային պայմանները չեն բարելավվում, ապա հարկային մամլիչը գների աճի կբերի»,- գտնում է տնտեսագետը: Նրա խոսքերով, գումարներ են հավաքում բյուջեն լցնելու նպատակով, մինչդեռ բյուջեն չի կարող նպատակ լինել, այլ այն հետեւանք է տնտեսական ընդհանուր իրավիճակի: «Հայաստանը դարձել է թոշակառու պետություն: Գումարներ են հավաքում, բարձրացնում են թոշակները, այնինչ գների աճը առաջին հերթին հենց թոշակառուների վրա է ազդում»,- ասաց Ա.Թեւանյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play