ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ<br /> ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՆ

  • 22-09-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկն ամենայն լրջությամբ է վերաբերում Քաղաքային ջեռուցման ծրագրի իրականացմանն առնչվող հնարավոր շեղումների կապակցությամբ Վերահսկիչ Պալատի (ՎՊ) կողմից արված դիտողություններին: Այս մասին նշված է ՀԲ-ի Երեւանի գրասենյակի հայտարարությունում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ի ասուլիսում ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, որ ըստ ՎՊ-ի եզրակացության, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Քաղաքային ջեռուցման ծրագիրը ձախողված է: Որպես տրված գնահատականի հիմնավորում նա, մասնավորապես, նշել էր այն փաստը, որ 2006-2007թթ.-ին ջեռուցմամբ ապահովվել է ընդամենը 193 աղքատ ընտանիք` նախատեսված 4000-ի փոխարեն: Սակայն, ըստ ՀԲ-ի Երեւանի գրասենյակի, ՀԲ-ն դեռեւս չի ստացել ՎՊ-ի հաշվետվությունը: Այդուհանդերձ, հիմնվելով իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա, գրասենյակը ներկայացնում է իր պարզաբանումները ՎՊ-ի կողմից հիշատակվող երկու առանցքային խնդիրների վերաբերյալ. 500 հազար դոլարի փոխանցումը Պանամայում գրանցված մի օֆշորային կազմակերպության եւ ծրագրի «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացման դանդաղ ընթացքը: Ըստ ՀԲ-ի պարզաբանման, 460 հազար դոլար իրոք փոխանցվել է Պանամայում գրանցված մատակարարի: Գումարը փոխանցվել է ծրագրի ենթավարկային բաղադրիչի մասնակից բանկերից մեկի` «Արդշինինվեստբանկ»-ի, կողմից: Սա 500 հազար դոլար գումարով ենթավարկի մի մասն է, որն «Արդշինինվեստ»-ի կողմից տրամադրվել է մասնավոր «Երֆրեզ» ընկերությանը` չորս շենքի համար ջեռուցման, տաք ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումներ գնելու նպատակով: «Երֆրեզ» ՓԲԸ-ն «Արդշինինվեստբանկ»-ին ներկայացրել է հանձնարարական ենթավարկային միջոցներից 460 հազար դոլարը ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համակցված 4 միկրոտուրբինների ձեռք բերման նպատակով Պանամայում գրանցված մատակարարին փոխանցելու վերաբերյալ: «ՎՊ-ն այս գործարքը համարել է որպես շեղում` ելնելով այն հանգամանքից, որ սարքավորումները դեռեւս Հայաստանում չեն: «Երֆրեզ» ՓԲԸ-ի եւ պանամական մատակարարի միջեւ պայմանավորվածության համաձայն, միկրոտուրբինները պետք է մատակարարվեն 2008թ.-ի դեկտեմբերին: Ծրագրի իրականացումը կարգավորող իրավական փաստաթղթերի որեւէ պահանջ չի խախտվել: Վարկային միջոցներն օգտագործվել են նախատեսված նպատակի, այսինքն` գազով աշխատող ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման ապակենտրոնացված համակարգերի ձեռքբերման համար»,- նշված է ՀԲ-ի հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է «Կապիտալ դրամաշնորհների տրամադրում աղքատներին» բաղադրիչի իրականացմանը, ապա ըստ ՀԲ-ի, այն իսկապես դանդաղ է ընթացել, ինչը փաստագրվել է ՀԲ-ի կողմից պատրաստվող հուշագրերում եւ այս մասին ՀՀ կառավարությանը նույնպես ահազանգվել է: «Այդուհանդերձ, վերջին շրջանում այս բաղադրիչի իրականացման տեմպերը զգալիորեն արագացել են, եւ 2008թ.-ի սեպտեմբերի դրությամբ գազամատակարարման միացումների ու ջեռուցման սարքերի տեղադրման աշխատանքներն ավարտվել են ավելի քան 4 հազար աղքատ ընտանիքների բնակարաններում»,- ասված է ՀԲ-ի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play