ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է FAO-Ի ՊԱՐԵՆԻ ԿՏՐՈՒԿ ԳՆԱՃԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ<br /> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է FAO-Ի ՊԱՐԵՆԻ ԿՏՐՈՒԿ ԳՆԱՃԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 17-07-2008 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) օրերս հաստատել է 21 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ մի ամբողջ շարք ծրագրեր` 48 երկրներում օգնելու փոքր ֆերմերներին եւ խոցելի տնային տնտեսություններին մեղմել պարենի եւ գյուղատնտեսական ապրանքների աճող գների բացասական հետեւանքները: Ծրագրերը ֆինանսավորվում են Փորձագիտական օժանդակության ծրագրի շրջանակներում, այսինքն` FAO-ի սեփական միջոցներով, եւ մաս են կազմում Պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին FAO-ից, Հայաստանը նշված երկրների թվում է եւ կօգտվի այս նախաձեռնությունից նորահաստատ «TCP/ARM/3202 (E) - Գյուղատնտեսական ապրանքների մատակարարում խոցելի բնակչությանը պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության սահմաններում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր նպատակը Հայաստանի պարենի առումով անապահով շրջաններում ամենից խոցելի տնային տնտեսությունների ապրուստի եւ պարենային ապահովության պահպանումն է: Այս շրջանները տուժել են 2007/08 դաժան ձմեռվանից, ինչպես նաեւ պարենի կտրուկ գնաճի վերջերս ծագած ճգնաժամից: Ծրագիրը նպատակ ունի նաեւ տրամադրել փորձագիտական օժանդակություն ֆերմերային լավագույն գործելակերպերի վերաբերյալ եւ ապահովել երկարատեւ եւ կայուն արդյունքներ ցանքսի ապագա սեզոնների համար: Այս ծրագիրը կհասցեագրվի ամենից շատ տուժած գյուղացիական տնտեսություններին` հացահատիկի սերմացուի եւ համարժեք պարարտանյութերի անհետաձգելի բաշխմամբ: Սա ֆերմերներին հնարավորություն կընձեռի վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաեւ նրանց կառաջարկի եկամտի այլընտրանքային աղբյուր` այդպիսով վերականգնելով տնային տնտեսությունը եւ երաշխավորելով պարենային ապահովությունը: Այս ամսվանից սկսած ֆերմերներին կտրամադրվեն գյուղատնտեսական ապրանքներ: Բացի այդ, հասցեագրված շահառուների համար կկազմակերպվեն դասընթացներ կարտոֆիլի, ցորենի եւ բանջարեղենի արտադրության վերաբերյալ: Ծրագրից կօգտվեն մոտավորապես 2000 խոցելի գյուղական տնային տնտեսություններ Հայաստանի ամենից տուժած շրջաններում: Ծրագրի տեւողությունը 12 ամիս է, ընդհանուր բյուջեն` 500 հազար ԱՄՆ դոլար: Ծրագիրն արդեն մտել է գործողության մեջ: Հայաստանում FAO-ի ներկայացուցչության ծրագրի իրականացման գործընկերը ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունն է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play