ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ<br /> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ՈՐՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ<br />


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼՈՒ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ՈՐՈՎ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ

  • 14-07-2008 19:20:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-2-ի դեպքերի նման միջադեպերը քննելու համար երբեմն ամիսները քիչ են լինում, իսկ այս հարցում շտապողականությունը երբեմն ունենում է բացասական հետեւանքներ,- Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հուլիսի 14-ի հանդիպմանը հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարը, որպես իր ասածի ապացույց վկայակոչելով նաեւ միջազգային փորձը: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ Մարդու իրավունքների հանձնակատարին հետաքրքրում էր ՀՀ իշխանությունների արձագանքը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ` Զանգվածային անկարգություններ եւ 300-րդ` Իշխանության յուրացում, հոդվածներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որի առնչությամբ կա նաեւ Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը: Նախարարը հանգամանորեն ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ընդգծելով, որ հանձնաժողովը դրույթների մեծամասնության հետ համամիտ է, իսկ այն դրույթները, որոնց առնչությամբ կա անհամաձայնություն, Հայաստանի իշխանությունները պատրաստ են վերանայել: Գեւորգ Դանիելյանը Մարդու իրավունքների հանձնակատարին հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններով, որոնք գործնականում կնպաստեն դատարանների անկախությանը, ինչպես նաեւ հնարավորինս կսահմանափակեն կոռուպցիոն ռիսկերի հնարավոր դրսեւորումները: Հանդիպմանը խոսք գնաց նաեւ ԵԽ ԽՎ 1620 բանաձեւի մի շարք դրույթների մասին, մասնավորապես, ըստ բանաձեւի դրույթներից մեկի, անընդունելի են համարվել այն դատավճիռները` հիմնված բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա: ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ այս դիրքորոշումը համահունչ չէ միջազգային չափանիշներին, Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերին. «Եթե մենք կասկած ունենք որեւէ ոստիկանի ցուցմունքի վրա, սա առանձին խնդիր է, պետք է քննարկման առարկա դառնա», իսկ եթե ոչ, ապա որեւէ մեկը իրավասու չէ ասելու, թե մեկ ապացույցը, եթե դա ոստիկանի ցուցմունք է, չի կարող հիմք համարվել: Ըստ արդարադատության նախարարի, Թ.Համմարբերգը համաձայնել է իր հետ, նշելով, որ բանաձեւում այլ գաղափար է եղել` ոչ թե ընդհանրապես չի կարող ընդունելի համարվել, այլ նախապատվություն չպետք է տրվեր այն ապացույցին, որը ինքնախոստովանական ցուցմունք է կամ մեկ ոստիկանի ցուցմունք է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play