ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՆԵՐԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ<br /> ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ»<br />


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՆԵՐԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ»

  • 04-07-2008 17:15:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» գործակալությանը ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իր ելույթներից մեկում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ գնաճը զսպելու համար կառավարությունը մտադիր է ավելացնել բյուջեի եկումտները եւ պակասեցնել ծախսերը: Այդ կապակցությամբ «ՆՏ»-ի թղթակիցը խնդրեց վարչապետին պատասխանել հետեւյալ հարցերին: «ՆՏ» - Ինչպիսի՞ն է պետբյուջեի եկամուտների դինամիկան այս տարի, մասնավորապես վերջին երկու ամիսներին: Արդյոք նկատվու՞մ է որեւէ կախվածություն բյուջետային եկամուտների դինամիկայի եւ կառավարության կողմից իրականացվող հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումների միջեւ: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 2008 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 284,6 մլրդ դրամ (մոտ 939 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է շուրջ 36 տոկոսով: Ընդ որում, հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտների դինամիկան բնութագրվում է շարունակական աճով` հունվար ամսվա շուրջ 39 մլրդ դրամի համեմատությամբ հարկային եկամուտների մեծությունը մայիս ամսին կազմել է շուրջ` 54,6 մլրդ դրամ, իսկ հունիս ամսին` 50,5 մլրդ դրամ: Այսպիսով, վերջին երկու ամիսների ընթացքում պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 105 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելի է շուրջ 27,8 մլրդ դրամով: Հաշվի առնելով, որ հարկային եւ մաքսային օրենսդրություններում տարեսկզբից տեղի չեն ունեցել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք էապես կարող էին նպաստել հարկային եկամուտների նման աճին, պետք է արձանագրել, որ եկամուտների աճը հիմնականում ապահովվել է հարկային եւ մաքսային վարչարարության շարունակական բարելավումների հաշվին: Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխումների եւ բյուջետային եկամուտների կախվածության հարցին, ապա պետք է նշել, որ այդ բարեփոխումների ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմքում դրված է նաեւ բյուջետային կայուն եկամուտների ապահովման առաջնահերթությունը, իսկ նշված միջոցառումների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը վերջին երկու ամիսներին պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտների մեծությունների վրա բացասաբար չեն անդրադարձել: «ՆՏ» - Ինչ վերաբերում է ծախսերին, ապա առայժմ երեւում է դրանց ոչ թե կրճատման, այլ ավելացման հեռանկար, քանի որ Ազգային Ժողովում ստեղծվում են երեք նոր մշտական հանձնաժողովներ, կառավարությունում` նոր նախարարություն: Այս պայմաններում ի՞նչ հոդվածների հաշվին կարող է կառավարությունը կրճատել իր ծախսերը: Հնարավո՞ր է արդյոք սահմանափակում ներդրումային (ենթակառուցվածքային) ծախսերի հաշվին: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ - Ծախսերի սահմանափակման քաղաքականությունը նշանակում է, որ այլ հավասար պայմաններում դրանց աճի նկատմամբ պետք է կիրառվեն սահմանափակումներ: Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովում ստեղծվելիք երեք նոր մշտական հանձնաժողովներին եւ ՀՀ կառավարությունում նոր նախարարություն ստեղծելուն, ապա դա չի կատարվելու որեւէ այլ ոլորտի ծախսերի կրճատման հաշվին: Համեմատության համար նշենք, որ արդեն մշակված ՀՀ 2009-2011թթ. ՄԺԾԾ-նախագծով 2009 թվականին պետական կառավարման մարմինների գծով ծախսերի աճը նշված փոփոխություններով հանդերձ կազմում է 10,8%` ընդհանուր ծախսերի 15,2% աճի պայմաններում: Իսկ գերակա համարվող սոցիալական ոլորտի ճյուղերում ծախսերի աճը զգալիորեն ավելին կլինի. այսպես` կրթությունում այն կկազմի 22,1%, առողջապահությունում` 21,7%, իսկ սոցիալական պաշտպանությունում` 16,3%: «ՆՏ» - Կառավարության վերոհիշյալ քաղաքական գիծը եւ Կենտրոնական բանկի հետզհետե խստացող դրամավարկային քաղաքականությունը կարող են բացասաբար ազդել երկրի տնտեսական զարգացման տեմպերի վրա: Արդեն իսկ մայիսի տվյալներով, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում աճը գրեթե բացակայում է: Արդյո՞ք կառավարությունը ակնկալում է այս տարվա համար նախանշված ՀՆԱ-ի աճի փոփոխություն: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 2008 թվականի հունվար-մայիս ամիսներին արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճերը բարձր չեն եղել, սակայն տնտեսական աճի ապահովման համար մեծ դեր են ունեցել շինարարությունն ու ծառայությունները, եւ նշված ժամանակաշրջանում արձանագրվել է 9,8 տոկոս տնտեսական աճ: Եթե սրան հավելենք նաեւ այն, որ տարվա առաջին 5 ամիսներին բաժին է ընկնում համախառն ներքին արդյունքի շուրջ 22 տոկոսը, իսկ տնտեսական աճի միտումները արագանում են տարեվերջին, ապա արդեն իսկ արձանագրված միտումները վկայում են, որ 2008 թվականի համար նախանշված եւ պետական բյուջեի ծրագրի հիմքում դրված 10 տոկոս տնտեսական աճի մակարդակը հասանելի է` ընդ որում հաշվի առած նաեւ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների տարվա երկրորդ կեսի համար ակնկալվող համեմատաբար զսպող բնույթը: Ինչ վերաբերում է գնաճ - տնտեսական աճ երկընտրանքին, ապա գաղտնիք չէ որ արագացող գնաճային տեմպերի պայմաններում, երբ այդ տեմպերը ավելացնում են նաեւ ապագա գնաճի սպասումները, էապես վտանգվում է երկարաժամկետ տնտեսական աճը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկրները նմանատիպ իրավիճակում գերխնդիր են դնում խարսխել բարձր գնաճային սպասումները զսպող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության միջոցով, որպեսզի հետագայում մակրոտնտեսական կայունության ապահովման միջոցով ապահովեն երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ միջավայր: Նմանատիպ մոտեցում էլ որդեգրել են ՀՀ կառավարությունը եւ ՀՀ կենտրոնական բանկը: Սակայն այստեղ կարեւորվում է զսպողական քաղաքականությունների չափը` կարեւոր է, որ այն չհանգեցնի ՀՆԱ աճի տեմպերի էական նվազման: Մասնավորապես, հարկաբյուջետային քաղաքականության մասով գնահատված է, որ 2008 թվականին, առանց գնաճի զսպման քաղաքականության, ազդեցությունը ամբողջական պահանջարկի վրա լինելու է ընդլայնող` 1,5 ցուցանիշով, իսկ եկամուտների ավելացման եւ ծախսերի անփոփոխության քաղաքականության պայմաններում` ընդլայնող շուրջ 0,74 ցուցանիշով (նշենք, որ հարկային վարչարարության արդյունավետ իրականացման պայմաններում կանխատեսվում է հարկային եկամուտների ավելացում մոտ 25 մլրդ դրամով): Այսինքն, գնաճի զսպման նպատակով առաջարկվող քաղաքականությունը, այնուամենայնիվ, էականորեն չի խոչնդոտի տնտեսական զարգացումներին, այլ միտված է լինելու սառեցնել գնաճային սպասումները եւ լրացուցիչ պահանջարկի աճով չսնել այն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play