ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԳԱՎԱԹԻ
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ
16-06-2008 18:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 15-ին Երեւանում
ավարտվեց օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի 20-րդ դարի
լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանի գավաթի միջազգային
խաղարկությունը, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ
Սիրիայի ներկայացուցիչները:
Բազմամարտում հաղթողի կոչմանն արժանացավ Հարություն
Մերդինյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Հովհաննես Դավթյանը եւ
Արտյոմ Ավետյանը (բոլորն էլ` Հայաստան): Առանձին գործիքների վրա
նույնպես լավագույնը Հայաստանի մարմնամարզիկներն էին. Հարություն
Մերդինյանը նժույգ թափք, Մերդինյանը եւ Արտյոմ Ավետյանը` ազատ
վարժությունում, Ավետյանը` նաեւ հենացատկում, իսկ Վահագն
Ստեփանյանը` օղակների, զուգափայտի եւ պտտաձողի վրա
վարժություններում: Հյուրերից մի քանիսը տարբեր գործիքների վրա
արժանացան 3-րդ մրցանակին: