Մալթայի հայ համայնքի նախագահ Վերա Բոյաջյան. Մալթայում<br /> ծրագրվում է բացել հայկական կիրակնօրյա դպրոց, կառուցել հայկական<br /> եկեղեցի եւ Վալետա ու Երեւան քաղաքների եղբայրացում <br />


Մալթայի հայ համայնքի նախագահ Վերա Բոյաջյան. Մալթայում
ծրագրվում է բացել հայկական կիրակնօրյա դպրոց, կառուցել հայկական
եկեղեցի եւ Վալետա ու Երեւան քաղաքների եղբայրացում

  • 08-03-2010 17:31:00   | Մալտա  |  Կազմակերպություններ
ՎԱԼԵՏԱ, 8 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մալթայի հայ համայնքի նախագահ Վերա Բոյաջյանի հարցազրույցը miasin.ru պորտալին - Պատմեք, խնդրում եմ, հակիրճ Մալթա կղզում հայկական համայնքի կազմավորման մասին: - Հայ ժողովրդի փոխհարաբերությունները Մալթայի օրդենի (ուխտ) հետ շատ հին պատմական արմատներ ունեն եւ հասնում են մինչեւ 1097 թվականը: Մալթայի օրդենը (Սուրբ Հովհան Երուսաղեմցու հոսպիտալիերների օրդենը) 1149 թվականին հողատարածքների տեր է դառնում Կիլիկյան Հայաստանում, 1169 թ. նա նոր պարգեւ է ստանում` Մամեստիա բերդաքաղաքի շրջանում, իսկ Լեւոն Բ-ի օրոք` երկու բերդեր Սելեւկիայում: Բացի նվիրատվություններից Հոսպիտալիերների օրդենը իր տնօրինության տակ ուներ նաեւ գնված հողատարածքներ: Հոսպիտալիերները օժտված չէին արտերկրայնության իրավունքով, սակայն իմունիտետ ունեին իբրեւ Ռուբինյանների հայկական թագավորական հարստության վասալներ, թեեւ այդ վասալությունը առանձնահատուկ բնույթ ուներ, ինչը պայմանավորված էր կրկնակի ենթակայությամբ: Ստեղծված լինելով իրենց գերագույն սյուզերենի (ավատատիրոջ)` Հռոմի պապի համաձայնությամբ եւ օրհնությամբ, օրդենը իբրեւ հոգեւոր կազմակերպություն ենթարկվում էր պապին եւ նրա համաձայնությամբ էլ ընտրում էր իր անմիջական աշխարհիկ սյուզերենին: Օրդենի գլուխ կանգնած էր կոմանդորը, որը Երուսաղեմում, այնուհետեւ Կիպրոսում, գտնվող մեծ մագիստրոսի միջոցով ենթարկվում էր պապին, այդուամենայնիվ, պարտավոր էր վասալական ծառայության մեջ լինել այն երկրների իշխանների ու թագավորների մոտ, որտեղ գտնվում էր տվյալ օրդենը: Մեզ հասած շնորհագրերը, որ Կիլիկիայի մեծ իշխաններն ու արքաները տվել են Երուսաղեմի Հոսպիտալիերների ուխտին, վկայում են, որ այդ շնորհները կրում էին բենեֆիցյան բնույթ: Երուսաղեմի Հոսպիտալիերների օրդենի վասալական ծառայությունը նշանակում էր ռազմական օգնություն Կիլիկյան Հայաստանին: Դրանից բացի, այդ շնորհագրերը ժամանակավոր, պայմանական բնույթ ունեին, քանի որ յուրաքանչյուր շնորհագիր պետք է անպատճառ հաստատվեր այն շնորհողի ժառանգորդի կողմից իր իշխանության գալուց հետո: Սենյորները (հայ թագավորները) իրենց հերթին պարտավոր էին ապահովել օրդենի (վասալի) տիրույթների անձեռնմխելիությունը, քանի դեռ վերջինս շարունակում էր իր ծառայությունը: Կարեւոր է նշել նաեւ, որ Հայկական Կիլիկիայում Երուսաղեմի Հոսպիտալիերների օրդենը չէր հարկվում պետական հարկերով, ինչպես մյուս վասալները: Օրդենը Կիլիկիայում գոյություն ունեցավ մինչեւ Կիլիկյան հայկական պետության անկումը 1375 թվականին, որից հետո բազմաթիվ հայ ասպետներ եւ հասարակ մարդիկ տեղափոխվեցին Մալթա կղզի: Մեր հայրենակիցների երկրորդ զանգվածային գաղթը Մալթա տեղի ունեցավ 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո: Վերջապես, ներգաղթի երրորդ ալիքը եղավ իննսունականների սկզբին եւ կապված էր ԽՍՀՄ փլուզման հետ: - Որո՞նք են ձեր համայնքի գործունեության հիմնական ուղղությունները եւ ի՞նչ է հաջողվել անել նրա գոյության ընթացքում: - Համայնքը նպատակ ունի միավորել հայ բնակչության ջանքերը հայոց լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման, իր անդամների շահերի եւ իրավունքների պաշտպանության, 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Մալթայի Հանրապետության ազգերի միջեւ բարեկամության ամրապնդման ուղղությամբ: 2009 թվականի հուլիսի 31-ին կայացավ Մալթայի հայերի 1-ին կոնգրեսը, որտեղ որոշում ընդունվեց Մալթայի հայերի պաշտոնական կազմակերպություն ստեղծելու մասին: Կազմակերպության գործունեության կարճ ժամանակամիջոցում Վալետայի կենտրոնում տեղադրվեց հայկական խաչքար ի նշան բարեկամության եւ երախտագիտության Մալթային այն օգնության համար, որ ցուցաբերվել է 1375 եւ 1915 թվականներին այս կղզում ապաստան գտած հայերին: Մեր նախաձեռնությամբ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Մալթա բարեկամության միջխորհրդարանական պատգամավորական խումբ: Համայնքը զբաղվում է նաեւ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, որոնց նպատակն է ծանոթացնել եւ պրոպագանդել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: - Հիմնական ի՞նչ խնդիրների է բախվում Մալթայի հայ համայնքը: - Որպես այդպիսին խնդիրներ չկան, քանի որ Մալթայի հայ համայնքի ղեկավարությունը փոխհարաբերություններ է պահպանում Մալթայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով: - Մալթայում հայկական առաքելական եկեղեցի կա՞ արդյոք, եւ եթե այո, ապա դուք համագործակցո՞ւմ եք նրա հետ, մասնակցո՞ւմ եք արդյոք ինչ-ինչ համատեղ նախագծերի: - Ցավոք, Մալթայում Հայաստանյայց առաքելական եկեղեցին ներկայացուցչություն չունի, թեեւ Մալթայի հայերը իրենց ներդրումն ունեն Մալթայում եկեղեցիների կառուցման մեջ, սկսած 1620 թվականից: Ապագայում մենք ծրագրում ենք Մալթայում կառուցել հայկական եկեղեցի: - Մալթայում կա՞ն հայկական ԶԼՄ-ներ (թերթ, ամսագիր, ռադիո, ինտերնետ-ռեսուրս) եւ եթե այո, ապա ինչպե՞ս եք դուք գնահատում նրանց դերը հայ համայնքի կյանքում: - Մալթայում հնարավոր է արբանյակային կապի միջոցով դիտել հայկական հեռուստաալիքների հաղորդումները: Որեւէ այլ լրատվամիջոց կղզում չկա: - Մալթայում գոյություն ունի՞ կիրակնօրյա դպրոց կամ հայոց լեզվի դասընթացներ եւ այլն: - Մենք ծրագրում ենք մոտ ապագայում բացել հայկական կիրակնօրյա դպրոց: Այս պահին երեխաները հիմնականում սովորում են բրիտանական կամ մալթյան ուսումնական հաստատություններում: - Որքանո՞վ է հայ երիտասարդությունը ներգրավված համայնքի հասարակական կյանքում: - Հայ երիտասարդները ներգրավված են Մալթայի հայ համայնքի կյանքում եւ էական օգնություն են բերում հասարակական աշխատանքներին: - Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք: - Առաջիկայում ծրագրում ենք Վալետա եւ Երեւան քաղաքները դարձնել քույր-քաղաքներ: Պատրաստվում ենք կազմակերպել մալթացի մի խումբ պատգամավորների ճանաչողական ուղեւորություն Հայաստան կամ հայ պատգամավորների` դեպի Մալթա: Նաեւ ծրագրվում է անցկացնել հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ Մալթայում: - Ինչպե՞ս կսահմանեիք հայ ազգային գաղափարը, ձեր կարծիքով` ի՞նչ է այն իրենից ներկայացնում: - Մեկ ժողովուրդ, մեկ հավատ, մեկ պետություն: - Ի՞նչ կցանկանայիք մաղթել աշխարհասփյուռ հայերին: - Միասնություն, բարգավաճում եւ խաղաղություն:
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play