Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է հանուն պաշտպանված, բարեկեցիկ ու ազգային Հայաստանի
07-06-2026 13:01:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Ազգային ժողովի ընտրություններին քվեարկել է հանուն պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ ու ազգային ինքնությամբ Հայաստանի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռոբերտ Քոչարյանն ասել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Նա բարձր է գնահատել ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթելու հնարավորությունը, որի դեպքում, ըստ Քոչարյանի, իրենց նախընտրական ծրագրի համաձայն, ռադիկալ փոփոխություններ են նախատեսվում։
Անդրադառնալով ընտրություններից ակնկալիքների հարցին, Քոչարյանը նշել է, որ դրանց թվում են լուրջ փոփոխությունները, որոնք կկանգնեցնեն անընդհատ նահանջը սկզբունքներից ու «ինքնիշխանության հերթական կորուստը»։Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։