ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ


 

ՊԵԿ աշխատակիցներն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

  • 09-06-2026 15:46:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Ագարակ» մաքսային անցման կետում ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր՝ 26 կգ քաշով:
 
Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը՝ առգրավվել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:
 
Նշենք, որ վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք, փորձ է արվել ՀՀ պետական սահմանով ներմուծել ընդհանուր 621 կապ՝ 135.7 կգ բնական մազեր:
 
Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կոչ է անում խստորեն պահպանել մաքսային օրենսդրության պահանջները, հայտարարագրել սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքներ թաքցնելու կամ չհայտարարագրելու փորձերից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն