Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդները


 

Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդները

  • 22-06-2026 11:05:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:
 
Միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։
 
ԱՄՆ բանակցային թիմը գլխավորել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները: Թեհրանի պատվիրակությունը գլխավորել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին:
 
Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։
 
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցի իր էջում հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում իրանական նավթաքիմիական ապրանքատեսակների արտահանման դեմ որոշ պատժամիջոցներ դադարեցվում են, սառեցված ակտիվների մի մասը՝ ազատվում, մեկնարկում է նաև Իրանի վերակառուցման և զարգացման ծրագիրը։ Աբբաս Արաղչին ողջունել է միջնորդներ Պակիստանի և Կատարի օգնությամբ ձեռք բերված «մեծ առաջընթացը»:
 
Սպիտակ տնից չեն մեկնաբանել՝ բանակցություններն այս պահի համար ավարտվա՞ծ են:
 
Բանակցությունների մեկնարկից անմիջապես առաջ Fox News-ը հաղորդեց, որ նախագահ Թրամփը իրանցի պաշտոնյաներին զգուշացրել է՝ եթե կրկին Հորմուզը փակեն, նրանք «երկիր չեն ունենա»։ Նա վերահաստատել է ավելի վաղ արած պնդումը, թե Վաշինգտոնն ինքը կարող է վերահսկողություն սահմանել նեղուցի նկատմամբ և հնարավոր է տուրքեր գանձի:
 
Իրանական Tasnim կիսապաշտոնական լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Թրամփի սպառնալից հայտարարություններից հետո իրանական պատվիրակությունը հրաժարվել է վերադառնալ բանակցությունների սրահ, թեև ուղերձների փոխանակումը շարունակվել է պակիստանցի և կատարցի միջնորդների միջոցով։
 
Ըստ Tasnim-ի աղբյուրի՝ իրանցիները նշել են, որ միջուկային հարցերի շուրջ բանակցությունների մեկնարկը պահանջում է փոխըմբռնման հուշագրի մյուս մասերի իրականացում, այդ թվում՝ սառեցված ակտիվների ազատումն ու ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի արտահանման թույլտվություն տվող արտոնություններ։
 
«Իրանցիները չեն հեռացել և դեռ այստեղ են՝ հանդիպումներ ու բանակցություններ անցկացնելով մինչև ուշ գիշեր, - Reuters-ին հայտնել է բանակցություններում ներգրավված ամերիկացի դիվանագետը - «Ի թիվս այլ թեմաների, մենք քննարկել ենք նեղուցի, Լիբանանի, միջուկային խնդիրների և փոխըմբռնման հուշագրի իրականացման մանրամասները»։
 
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ ակնկալվում է, որ բարձր մակարդակի քննարկումներն այսօր կեզրափակվեն, իսկ տեխնիկական անձնակազմերը կմնան՝ հետագա բանակցությունների համար։
 
Խոսելով մամուլի ներկայացուցիչների հետ՝ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ․ «Այս հարցերը միշտ էլ մի փոքր խառնաշփոթ են լինում», - ասել է նա։
 
Մինչ Թրամփը սպառնում էր Իրանին, Վենսը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահի «խնդրանքն է՝ նոր էջ բացել և վերափոխել մեր հարաբերությունները Իրանի ժողովրդի հետ»։
 
ԱՄՆ դիվանագետը կիրակի ուշ երեկոյան նշել է, որ քննարկումները ներառել են «Իրանի կողմից նեղուցի վերաբերյալ որոշ շփոթեցնող հաղորդագրությունների պարզաբանումը և հակամարտությունների կանխման մեխանիզմների ստեղծումը՝ ապահովելու համար, որ նեղուցը մնա լիովին բաց»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը