ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ


 

ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ

  • 24-06-2026 10:31:12   | Հայաստան  |  Քաղաքականություն
ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ
 
Sputnik. ԱՄՆ նախագահի կարծիքով` բանաձևն ընդունելով՝ օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունն առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով իսկ օգնեցին Իրանի իշխանություններին։
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատի ընդունած «անիմաստ» բանաձևը, որը սահմանափակում է իր ռազմական իրավասություններն Իրանի դեմ հակամարտությունում, կդժվարացնի Թեհրանի հետ իր բանակցությունները։
 
Ավելի վաղ ԱՄՆ սենատը հավանություն էր տվել բանաձևին, որը պահանջում է, որ Թրամփը դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ԱՄՆ-ն սկսել էր առանց Կոնգրեսի հավանության։ Սպիտակ տունը հայտարարել է, որ բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։
 
«Իրանը հարցրել է իմ մարդկանց. «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։ Այդ սենատորները հենց հիմա դժվարացրին իմ աշխատանքը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
 
Նրա խոսքով` Իրանն իր «կարթի վրա էր», իսկ Սենատը «անժամանակ և անիմաստ հանդիպում» է որոշել անցկացնել։
 
Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, այս քայլով օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունը առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով օգնեցին Իրանի իշխանություններին և մխիթարեցին նրանց։
 
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր  ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
 
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
 
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքականություն

 

 

Կարդացել են 102 անգամ

```