Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
26-06-2026 15:43 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
1in.am 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիր, որի առաջին հորդվածը հետևյալ բովանդակությունը ունի․ «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։
Այս հոդվածը ինչի՞ մասին է։ Եթե հակիրճ ասվի, ապա, ըստ էության, Հայաստանը և Ադրբեջանը «փակում» են պատմական բանավեճը, որ քաղաքական առումով սկսվել է 1918 թվականին, երբ Անդրկովկասյան Սեյմը լուծարվել է, և հայերը, վրացիները և ադրբեջանցիները պետական անկախություն են հռչակել։
1991թ․ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտ, որի նախաբանում արձանագրված է, որ Ադրբեջանը «1828 և 1920 թվականներին ցարական և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացվել» է։
1998թ․ մարտի 26-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, ի նշանավորումն 1918թ․ մարտի 30-31-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների 70-րդ տարելիցի, ստորագրել է «Ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության մասին» հրամանագիր, որի նախաբանում ասված է․ «1813 և 1828 թվականների Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումով սկսվել է ադրբեջանական ժողովրդի բաժանումը, մեր պատմական հողերի մասնատումը»։
Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանը նվաճել է Լեռնային Ղարաբաղը, Թուրքմենչայի պայմանագրով՝ Երևանի և Նախիջևանի խանությունները։ Հեյդար Ալիևի հրամանագրի իմաստով այդ տարածքները «ադրբեջանական հողեր» են։ Այսպիսով, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր չի ստորագրվում, կողմերը վերադառնում են «պահանջատիրության», ապա Հայաստանը «պահանջելու» է միավորել նախկին ԼՂԻՄ տարածքը, Ադրբեջանը «հավակնելու է Հայաստանի տարածքի առնվազն այն մասերին, որ 1828թ․ դրությամբ Երևանի խանության կազմում» էին։
Ո՞ւմ է, ըստ այդմ, ավելի ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»։