Հայկական ապրանքների հետ կապված իրավիճակը լավ առիթ է ԵԱՏՄ–ի վրա աշխատելու. Փաշինյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Հայկական ապրանքների հետ կապված իրավիճակը լավ առիթ է ԵԱՏՄ–ի վրա աշխատելու. Փաշինյան

07-08-2026 13:36 Հայաստան Տնտեսություն
Հայկական ապրանքների հետ կապված իրավիճակը լավ առիթ է ԵԱՏՄ–ի վրա աշխատելու. Փաշինյան
 
Sputnik. ՀՀ կառավարության ղեկավարը նշել է` գերադասելի է, որ Եվրասիական տնտեսական միությունը չտորպեդահարի դիվերսիֆիկացման գործընթացները, այլ աշխատի իր գրավչությունը բարձրացնելու վրա, և Երևանը պատրաստ է մասնակցել դրան։
 
Հայկական ապրանքների հետ կապված ներկայիս իրավիճակի շուրջ բացասական ֆոն ստեղծել պետք չէ, ընդհակառակը` դա լավ առիթ է` աշխատելու Եվրասիական տնտեսական միության արդյունավետության և մրցունակության վրա։ Այս մասին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ռուսաստանցի լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանում հայկական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումները Հայաստանում բացասական ընկալում են առաջացնում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։ Սակայն ցանկացած երկրի համար կարևոր է բարելավել իր ապրանքների որակը, մրցունակությունը և արտադրության չափանիշները։ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանն աշխատում է դրա վրա։
 
Նրա խոսքով՝ ինքը բարձր է գնահատում գործընկերների՝ ԵԱՏՄ մյուս չորս անդամ պետությունների ղեկավարների դիրքորոշումը Հայաստանում Եվրամիությանը միանալու (կամ ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու) վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցում։
Փաշինյանը նշել է` հանրաքվե իհարկե կլինի, բայց միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես կդիմի Եվրամիությանն անդամակցելու համար։ Այսօր դրա անցկացումն անհնար է, քանի որ հարցն առարկայական բնույթ չի կրում»,– ասել է Փաշինյանը։
 
«Եթե մենք հիմա հանրաքվե անցկացնենք և հայտարարենք, որ պետք է որոշում կայացնենք ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ կապված, ինչպիսի՞ն կլինի արձագանքը։ Քաղաքացիները կհարցնեն, թե ինչ հեռանկարներ ունենք Եվրամիության անդամ դառնալու համար։ Մի շարք հարցեր կառաջանան, որոնց պատասխանները ո՛չ մենք, ո՛չ էլ որևէ մեկը չունի», – հայտարարել է ՀՀ վարչապետը։
 
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ եթե ԵԱՏՄ հիմնարար սկզբունքները (ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը - խմբ.) չաշխատեն, ամբողջ միությունը կհայտնվի ճգնաժամի մեջ, քանի որ եթե ԵԱՏՄ սկզբունքները չաշխատեն, չի աշխատի նաև ԵԱՏՄ-ն։
 
«Կարծում եմ՝ Եվրասիական տնտեսական միության համար այս պահին լավագույն դիրքորոշումը կլինի չտորպեդահարել այս գործընթացը, այլ հակառակը` աշխատել ԵԱՏՄ-ի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ, և Հայաստանը պատրաստ է աշխատել դրա վրա», – հայտարարել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ տնտեսական կապերի դիվերսիֆիկացումը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և այժմ խնդիրը ոչ թե ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն համեմատելն է, այլ Հայաստանի համար ինչ–որ այլընտրանքներ ստեղծելը։
 
Նրա խոսքով՝ դիվերսիֆիկացման գործընթացը մասամբ հրահրվել է Եվրասիական տնտեսական միության որոշ գործընկերների կողմից, որոնք հայտարարում էին, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, և որ նրան ոչ մի տեղ չեն սպասում (հնարավոր է՝ նկատի ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին - խմբ.): ՀՀ վարչապետն ասել է, որ Երևանն այս ուղերձն ընկալել է ոչ թե բացասաբար, այլ դրական, և ցույց է տալիս, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ է։
 
 
Նոյյան տապան   |   Տնտեսություն

Կարդացել են 99 անգամ