Երեւանում բացվեց սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգսի տոնին<br /> նվիրված ցուցահանդես<br />


Երեւանում բացվեց սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգսի տոնին
նվիրված ցուցահանդես

  • 30-01-2010 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո հունվարի 30-ին Նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական 2-րդ ցուցահանդեսի բացման արարողությունը` նվիրված սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Ցուցահանդես-մրցույթին հայտ էին ներկայացրել մինչեւ 35 տարեկան թվով 70 երիտասարդ հեղինակներ, որոնց շուրջ 600 աշխատանքներից ընտրվել էին մոտ 80-ը: Ցուցահանդեսի կազմակերպիչ «Աշխարհի նկարիչների միավորման» ղեկավար Ղազար Միրզոյանի խոսքերով, մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն եւ դեկորատիվ-կիրառական արվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար, իսկ արդյունքները կամփոփվեն փետրվարի 1-ին: «Ներկայացված բոլոր աշխատանքները նվիրված են սիրո թեմային, իսկ ցուցահանդեսը նպատակ ունի նպաստելու հայ գեղանկարչության եւ մշակութային արժեքների տարածմանը»,- նշում է Ղ. Միրզոյանը: Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչեւ փետրվարի 9-ը: Միջոցառման բացման արարողությանը ներկա հյուրերի թվում էին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Ալիկ Սարգսյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ցուցահանդեսի հովանավոր «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենը եւ այլ հյուրեր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով բոլորին տոնի առիթով, ցանկացավ տոնական բարձր տրամադրություն եւ սեր, ապա նշեց, որ տոնը գնալով բավականին տարածում է գտնում երիտասարդների շրջանում: Վարչապետը խոստովանեց, որ սիրում է Հայաստանը, ժողովրդին, իր ընտանիքի բոլոր անդամներին եւ իհարկե, իր կնոջը: Իսկ ցուցահանդեսի վերաբերյալ արտահայտելով իր դրական կարծիքը, վարչապետն ընդգծեց, որ մեր երիտասարդության մեջ տաղանդները շատ են, իսկ նման ցուցահանդեսները խոսում են այն մասին, որ արվեստը Հայաստանում ունի մեծ ապագա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play