Մարտունու շրջանում կառուցվում է նոր հիվանդանոց


Մարտունու շրջանում կառուցվում է նոր հիվանդանոց

  • 29-03-2011 17:19:58   | Հայաստան  |  Հասարակություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում: Մարտունու շրջկենտրոնում հիվանդանոցի կառուցումը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից: «Մարտունու հիվանդանոցի կառուցումը, վստահ եմ, մեր կողմից իրականացված այլ ծրագրերի հետ միասին մեծ կարեորություն ունի շրջանի վերականգնման եւ համալիր զարգացման համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հին հիվանդանոցը ներկայումս գործում է խարխլված շենքում եւ զուրկ է անգամ առաջնային բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններից: Հիվանդանոցի խնդիրների մասին խոսելիս` բուժհաստատության գործադիր տնօրեն Գրիգորի Գասպարյանը հայտնեց, որ տարրական պայմանների բացակայության պատճառով հիվանդներից շատերը բուժզննման ու բուժման նպատակով ավելի քան 60 կմ ճանապարհ են կտրում, որ հասնեն Ստեփանակերտ: «Բուժսարքավորումների եւ կադրերի պակասն էլ որ լրացնենք, մեր հիվանդներին կկարողանանք լիարժեք սպասարկել տեղում»,- հույս հայտնեց տնօրենը: Նրա խոսքով` ներկայումս հիվանդանոցում կա փորձառու մանկաբարձ-գինեկոլոգի, օտոլարինգոլոգի (քիթ-կոկորդ-ականջ) եւ նյարդաբանի կարիք: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության, նորակառույց բուժհաստատությունը կունենա պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական, շտապ օգնության, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան: Տնօրենի հավաստմամբ` հիվանդանոցում օրական 22 ստացիոնար եւ ավելի քան 60 ամբուլատոր հիվանդ կարող է սպասարկվել: Հիվանդանոցը նախագծելիս հաշվի են առնվել առողջապահական նորմերը, այդ թվում` կենտրոնական ջեռուցման, օդափոխության ու հակահրդեհային համակարգերի առկայությունը: Նախատեսվում է նաեւ բարեկարգ բակ: Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանի ներկայացմամբ` նյուրորքահայ համայնքը մեծապես կարեւորում է Հայաստանում ու Արցախում առողջապահության զարգացումը: Բնակչությանը լիարժեք սպասարկելու նպատակով հիվանդանոցին կտրամադրվի ժամանակակից բուժտեխնիկա, իսկ բուժանձնակազմի եւ տնօրինության համար համապատասխանաբար կկազմակերպվեն վերապատրաստման եւ կառավարման դասընթացներ: Արցախյան ազատամարտին հաջորդող տարիներին «Հայաստան» հիմնադրամը կանգնեց Արցախի կողքին` իր միջոցների զգալի մասն ուղղելով երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը: Իրար հաջորդեցին փոքր ու մեծ ծրագրեր, որոնց շրջանակներում կառուցվեցին ու վերանորգվեցին քանդված ու ավերված ճանապարհներն ու շենքերը, ջրագծերն ու գազատարերը, որոնք Արցախի այսօրվա եւ վաղվա հենքն են: Առողջապահական հիմնարկների կառուցման ու բարեկարգման ծրագրերը, թեեւ ոչ պակաս կարեւոր, մեկնարկեցին ավելի ուշ: Մասնավորապես` կառուցվեց Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկան, Հադրութի շրջանային հիվանդանոցը, կառուցվեցին եւ բարենորոգվեցին գյուղական բուժկետեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play