ՀՀ ԿԲ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է<br /> ԱՄՀ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ 73-ԻՆ<br />


ՀՀ ԿԲ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
ԱՄՀ-Ի ՍԱՀՄԱՆԱԾ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ 73-ԻՆ

  • 07-04-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի աշխատանքի թափանցիկությունը լիովին համապատասխանում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) սահմանած 77 ստանդարտներից 73-ին, ինչը հաստատվել է ԱՄՀ-ի համապատասխան եզրակացություններով: Այս մասին ապրիլի 7-ին հայտնեց ՀՀ ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանը` «ՀՀ Կենտրոնական բանկի թափանցիկության համապատասխանությունը համաշխարհային ստանդարտին» գրքույկի ներկայացման ժամանակ: Ըստ ՀՀ ԿԲ-ի Դրամավարկային քաղքականության դեպարտամենտի արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի մակրոտնտեսագետ Մարգարիտա Մամիկոնյանի, ԿԲ-ի աշխատանքի թափանցիկությունը մասամբ է համապատասխանում այն ստանդարտին, որը նախանշում է, թե «ԿԲ-ի կողմից կառավարությանը տրամադրված վարկերի, կանխավճարների կամ օվերդրաֆտների ծավալների եւ պայմանների, ինչպես նաեւ ԿԲ-ում կառավարության ավանդների մասին պետք է տեղեկացվի հասարակությանը»: Մասնակի անհամապատասխանության պատճառն այս պարագայում պայմանավորված է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով, ըստ որի, ավանդների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակել միայն հաճախորդը, ասել է թե` ՀՀ կառավարությունը: Մ.Մամիկոնյանի խոսքերով, եւս 3 ստանդարտներ ՀՀ ԿԲ-ի կողմից կիրառելի չեն: Դրանցից 2-ը վերաբերում են որպես վերահսկողի` ԿԲ-ի, եւ ինքնակարգավորվող կառույցների` Հայաստանի ֆոնդային բորսայի ու Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, փոխհարաբերությունների մասին տեղեկատվության հրապարակմանը: Այդ կառույցները ինքնակարգավորվողից վերածվել են առեւտրային կազմակերպությունների` բաց բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով: Բացի այդ, կիրառելի չէ այն ստանդարտն, ըստ որի, «հասարակությունը պետք է տեղեկացվի աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ֆինանսական գործակալության պաշտոնյաների եւ աշխատակիցների իրավական պաշտպանվածության մասին»: Այս ստանդարտը կիրառելի չէ այն պատճառով, որ ՀՀ-ում դեռեւս օրենսդրորեն սահմանված չեն նշված աշխատակիցների իրավական պաշտպանության նորմերը: Տ.Սարգսյանի խոսքերով, կենտրոնական բանկերի աշխատանքի թափանցիկության ստանդարտների մշակումը սկսեց կարեւորվել 1990-ականների սկզբներին, երբ շատ ԿԲ-ներ անցան գնաճի նպատակադրման քաղաքականության: Վերջինիս պայմաններում առավել կարեւորվեց ԿԲ-ների գործելաոճը հասարակության համար հասկանալի եւ կանխատեսելի դարձնող թափանցիկության ստանդարտների մշակումը: ՀՀ ԿԲ-ն դրանց ներդրմանը ձեռնամուխ է եղել 1998թ.-ից: ԿԲ-ի աշխատանքի թափանցիկության ստանդարտները պարփակում են դրամավարկային քաղաքականության եւ ֆինանսական քաղաքականությունների ոլորտները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play